«Երեւան Ջուր»-ը ներկայացրել է տեխնիկական աուդիտի արդյունքները
Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը մասնակցել է «Երեւան Ջուր» ընկերության պայմանագրային 7-րդ տարվա տեխնիկական աուդիտի հաշվետվության արդյունքների ներկայացման միջոցառմանը։ Միջոցառմանը ներկա են եղել նաեւ ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անրի Ռենոն, ՀՀ կառավարությանն առընթեր ջրային պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը, ոլորտի այլ պաշտոնյաներ, մասնագետներ։ Ընկերությունը հաշվետվության մասնագիտական փաստաթուղթը ներկայացրել է տեսաֆիլմի տեսքով, որի ավարտից հետո ներկաները վերլուծել են արդյունքները։
Երեւանի քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանը «Երեւան Ջուր» ընկերության պայմանագրային գործունեության 7-րդ տարվա ցուցանիշները որպես լուրջ ձեռքբերում է գնահատել ընկերության կառավարման, ֆինանսատնտեսական գործունեության, ծառայությունների մատուցման եւ մի շարք այլ առումներով։ «Երեւանում այսօր 60%-ով ապահովված է 23.5-ից ավելի ժամի ջրամատակարարում, ընկերությունը պայմանագրային 7-րդ տարում 2 մլրդ 302 մլն դրամի ներդրում է կատարել։ Չնայած առաջընթացին, չսահմանափակվելով ձեռքբերումներով՝ պետք է էլ ավելի հզորացնենք համակարգը։ Ընկերությունը պատրաստ է պայմանագրային 8-րդ տարում ստանձնել այդ պարտավորությունը»,- նշել է «Երեւան Ջուր» ՓԲԸ տնօրեն Գոռ Գրիգորյանը։
