Երեւանի տներից մեկում հակատանկային արկ է պայթել. վիրավոր քաղաքացու վիճակը ծանր է
Նոր մանրամասներ են հայտնի դարձել այսօր՝ նոյեմբերի 27-ին, Երեւան քաղաքի Այվազովսկի փողոցի տներից մեկի բակում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ:
Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր, ժամը 14:58-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Այվազովսկի փողոցի տներից մեկի բակում հայտնաբերվել է արկ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Միաժամանակ Էրեբունու ոստիկանության բաժնից տեղեկություն է ստացվել, որ նույն հասցեից բեկորային վնասվածքով քաղաքացի է տեղափոխվել Էրեբունի ԲԿ, որի առողջական վիճակը գնահատվել է ծանր:
Դեպքի վայր է մեկնել քաղպաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական եւ արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը:
Պարզվել է, որ հայտնաբերվել են հակատանկային արկի բեկորներ (4-5 հատ):
Ժամը 16:30-ին ինժեներասակրավորական խումբը հակատանկային արկի բեկորները հանձնել է ոստիկանության աշխատակիցներին:
