Երեւանում հայ-իրաքյան գործարար համաժողով է անցկացվել
Տնտեսական համագործակցության հարցերով հայ-իրաքյան միջկառավարական համատեղ հանձնաժողովի երկրորդ նիստի շրջանակում այսօր Երևանում տեղի է ունեցել հայ-իրաքյան գործարար համաժողովը, որի բացմանը ներկա են եղել միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահներ, Հայաստանի փոխվարչապետ Արմեն Գևորգյանը և Իրաքի փոխվարչապետ Ռոուշ Նուրի Շաուեյսը: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժնից: Փոխվարչապետն իր բացման խոսքում ողջունել է համաժողովի մասնակիցներին և արդյունավետ աշխատանք մաղթել: Նա վստահություն է հայտնել, որ միջոցառումը լավ հնարավորություն է հայ և իրաքցի գործարարների միջեւ համագործակցության, նոր կապերի հաստատման համար, ինչն էլ իր հերթին կնպաստի երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը: «Իրաքն ունի հսկայական շուկա և այն մեծ հետաքրքրություն կներկայացնի նախևառաջ հայ արտահանողների համար: Այդ առումով` միջկառավարական հանձնաժողովի նիստի շրջանակում անցկացվող «Արտահանվող հայկական ապրանքներ» ցուցահանդեսը և գործարար համաժողովը նոր հնարավորություններ կընձեռեն թե՛ հայաստանյան ընկերություններին, թե՛ իրաքցի գործընկերներին` ծանոթանալու Հայաստանի տնտեսական, ներդրումային և արտահանման հնարավորություններին»,-նշեց փոխվարչապետ Ա. Գևորգյանը: Համաժողովը կազմակերպվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության, Արդյունաբերության զարգացման հիմնադրամի և Զարգացման հայկական գործակալության աջակցությամբ: Համաժողովի ընթացքում քննարկվել են Հայաստանում ներդրումային միջավայրին, ազատ տնտեսական գոտիներին վերաբերող և մի շարք այլ հարցեր:
