Երեկ ԱԺ-ում գերեզմանոցային վիճակ էր. Հրապարակ
Կառավարության հրավիրած արտահերթ նիստերը թեեւ առանց այն էլ երբեք չեն փայլել պատգամավորների ակտիվությամբ, բայց երեկ ԱԺ-ում գերեզմանոցային վիճակ էր, ու խոշորացույցով կարելի էր պատգամավոր գտնել: Մի մասը՝ կոնկրետ ԲՀԿ-ականները, վաղ առավոտից ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մոր՝ տիկին Ռոզայի ծննդյան տոնակատարությամբ էին զբաղված, իսկ մյուսներն շտապել էին պատգամավոր Կարեն Կարապետյանի մոտ՝ վերջինիս մորաքույրն էր մահացել: Նիստերի դահլիճի դատարկությունը Գալուստ Սահակյանի մոտ էլ էր անկումային տրամադրություն առաջացրել, եւ Գրիգորիչը նիստը վարում էր անկյանք եւ երբ պիտի ասեր՝ «ժամանակավոր անաշխատունակության նպաստ», բերանից թռավ՝ «ժամանակավոր անաշխատունակության նիստ», ինչն իրավիճակի կատարյալ բնորոշումն էր: Ի դեպ, երեկոյան տեղեկացանք, որ «բաբոյի ծնունդին», ինչպես Գագիկ Ծառուկյանն է փաղաքշանքով ասում, Սերժ Սարգսյանն ու Գալուստ Սահակյանը ներկա չեն եղել: Ներկա է եղել միայն վարչապետը, այն էլ՝ խնամիական պարտականությունների բերումով:
