Երեկ մի շարք քաղաքներում ազատամարտիկների հավաքներ են տեղի ունեցել. Հրապարակ
Երեկ առավոտյան լուր տարածվեց, որ մի շարք քաղաքներում ազատամարտիկների հավաքներ են տեղի ունեցել: Ինչ-որ մարդիկ՝ ցուցակները ձեռքներին, ժամանել են եւ, հավաքագրելով ԵԿՄ անդամներին, տարել Ղարաբաղ: Անմիջապես սկսեցին խոսել, որ սահմանին վիճակը լարված է, եւ լրացուցիչ ուժեր են տանում Արցախ: Մանավանդ, մարդկանց չէին ասել, թե ինչ նպատակով են տանում եւ որքան ժամանակով, մի քանի րոպե էին տվել՝ հավաքվելու եւ ընտանիքի անդամներին հրաժեշտ տալու համար: Այնպես, ինչպես պատերազմ կտանեին: Ավելի ուշ տեղեկացանք, որ «գեներալ Մանվել Գրիգորյանը որոշել է ԵԿՄ 150 անդամների հետ մեկնել Արցախ՝ այցելելու սահմանապահ դիրքեր»: ԵԿՄ ղեկավարի խորհրդականը հայտնել էր, որ «նպատակն է ոգեւորել ու քաջալերել սահմանին կանգնած զինվորին ու հրամանատարին»: Անհասկանալի է, թե ինչու մարդկանց չեն տեղեկացրել, թե ուր են տանում, եւ ինչու կամավորության սկզբունքով չեն կազմակերպել այցը:
