Երեկ ոչ իշխանականները բոյկոտել են Աժ նիստը.
Ժողովուրդ թերթը գրում է. Երեկ հրավիրված ՀՀ ԱԺ արտահերթ նիստի առաջին օրն իշխանական մեծամասնությունը` ՀՀԿ-ն, առավել քան արդյունավետ է անցկացրել՝ միանգամից ավարտելով մի քանի տասնյակ, այդ թվում նաեւ՝ ընդհանուր 260 միլիոն դոլարի վարկի վերաբերյալ յոթ համաձայնագրերի քննարկումը: Նման «նվերը» ՀՀԿ-ին մատուցել են ոչ իշխանական չորս խմբակցությունները` ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը, ՕԵԿ-ը եւ «Ժառանգությունը»: Իշխանությունների հետ բանակցող ԱԺ ՀՅԴ խմբակցությունը բոյկոտին չի միացել: Իսկ ոչ իշխանականները բոյկոտել են Աժ նիստը, քանի որ ՀՀԿ-ն չի համաձայնել արտահերթ նիստը դադարեցնել եւ մեկ այլ արտահերթ նիստ հրավիրել` ազատամարտիկների եւ ԱԺ պատգամավորի ծեծի հարցը քննարկելու եւ խորհրդարանի անունից հայտարարություն ընդունելու համար: Իսկ ԱԺ իմաստուն նախագահ Գալուստ Սահակյանը թեեւ ասաց, որ. «Պատգամավորները քաղաքական տեքստերի տեսքով այս իրադարձությունները կարող են դատապարտել, մենք բոլորս էլ կողմ կլինենք դրան, սակայն 18:30-ից հետո», այնուամենայնիվ, դրժեց խոստումը, եւ 18:30-ին հրավիրված արտահերթ նիստը տապալվեց:
