Երևանի ՃՈ պետը Վարդան Պետրոսյանի մասին.
«Ժողովուրդ» թերթը Երևանի ՃՈ պետ Արսեն Արշակյանի հետ զրուցեց հայտնի դերասան Վարդան Պետրոսյանի վթարի և նրա նկատմամբ կիրառված պատժամիջոցի մասին:
-Պարո՛ն Արշակյան, ըստ Ձեզ՝ դերասան Վարդան Պետրոսյանը ի՞նչ խախտում էր իրականացրել և, առհասարակ, իսկապես այդ խախտումը բացառիկ խախտում էր, որ անհատական վերաբերմունք ցուցաբերվեց նրա նկատմամբ:
-Գիտեք՝ այդ գործով որևէ առնչություն չունեմ, դեպքի վայրում չեմ եղել, և այդ գործի նյութերին ընդհանրապես ծանոթ չեմ, հետևաբար իմ կողմից ճիշտ չի լինի գնահատական տալ: Համապատասխան ծառայությունների կողմից տարբեր փորձաքննություններ են նշանակվում, և դատարանը քննում է այդ գործը:
-Քանի որ Վարդան Պետրոսյանը հայտնի դերասան էր, այս վթարը մեծ աղմուկ բարձրացրեց: Զուտ հետաքրքրության համար չե՞ք փորձել հասկանալ, թե երթևեկության կանոնների ինչ խախտման մասին է խոսքը:
-Չէ՛, հայտնիությունը ինչ կապ ունի երթևեկության կանոններ խախտելու հետ: Արդյունքում՝ դեպք է տեղի ունեցել, իսկ թե ինչ խախտումների հետևանքով է եղել, կպարզի դատարանը:
-Այսպիսի պատահարների մասին բազմիցս ենք լսում, ի վերջո, նման փորձանք ցանկացածի հետ էլ կարող է պատահել: Արդյո՞ք համաչափ է այս կերպ Վարդան Պետրոսյանին պատժել՝ նրան կալանքի տակ պահելով:
-Միանշանակ, մենք նմանատիպ բազմաթիվ դեպքեր ունենք: Դուք հնչեցրեցիք, որ Վարդան Պետրոսյանը ճանաչված է, և դրա համար էլ այսպիսի հնչեղություն է ստացել: Վարդան Պետրոսյանի նման բազմաթիվ վարորդներ ունենք, որոնց գործերը նույնպես գտնվում են դատարանում: Այսքան ժամանակ որևիցե առնչություն Վարդան Պետրոսյանի դեպքը և թատրոնը չեմ կարողացել գտնել: Եթե փորձեք հետաքրքրվել, ավելի ծանր դեպքեր ունենք:
