Երևանի թիվ 11 հատուկ դպրոցի երեխաների իրավունքները խախտվում են․ ՄԻՊ
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը 2021 թվականի ապրիլի 13-ին մշտադիտարկման չհայտարարված այց է իրականացրել Երևանի թիվ 11 հատուկ դպրոց:
Այցի ընթացքում արձանագրված խնդիրներից են՝
դպրոցի տեղեկությունների համաձայն՝ նոր կորոնավիրուսային համավարակի (COVID-19) պայմաններում հեռավար եղանակով ուսուցման ընթացքում դպրոցի 14 երեխաներ դուրս են մնացել կրթությունից (այցի պահին դպրոցում սովորել է 85 երեխա): Ինչպես տեղեկացրել է դպրոցի վարչակազմը, այս խնդրի գլխավոր պատճառը երեխաների համար ինտերնետ կապի հասանելիության և հեռահաղորդակցության միջոցների բացակայությունն է:
Այս մասին դպրոցը 2020 թվականի հունիսին գրավոր տեղեկացրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը և առաջարկել նոր ուսումնական տարում բաց թողնված նյութը լրացնել դպրոցում:
2020 թվականի նոյեմբերին դպրոցը նորից դիմել է նախարարություն՝ առաջարկելով անցնել առկա ուսուցման, քանի որ հեռավար եղանակով ուսուցումը դպրոցի սաների համար արդյունավետ չէ: Մասնավորապես, դպրոցի տեղեկությունների համաձայն՝ հեռավար ուսուցման համալիր heravar.armedu.am կայքէջում հաշվի առնված չեն չափավոր և ծանր մտավոր խնդիրներ ունեցող երեխաների կրթական կարիքները, տեղադրված չեն նրանց համար մատչելի, հասանելի և կարիքներին համապատասխան ուսումնական, ուսումնամեթոդական նյութեր: Առկա ուսուցման անցնելու առաջարկը հիմնավորվել է նաև նրանով, որ երեխաները շուրջօրյա գտնվում են դպրոցում և հանրային տրանսպորտից չեն օգտվում: