Երևանում 38 հազար դոլար շահողին Պուշկին-Մոսկովյան խաչմերուկում ծեծել են ու գողացել ողջ գումարը
1-in.am-ը գրում է.Վերաքննիչ քրեական դատարանի վարույթում է Կոնստանտին Հունանյանի, Վաչիկ Գեղամյանի, Անդրանիկ Հովսեփյանի և Աշոտ Կարինյանի գործով բերված վերաքննիչ բողոքների քննությունը: Գործը քննվել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ:
Երևանի Պուշկին-Սարյան փողոցների հատույթի մոտակայքում օրը ցերեկով ավազակային հարձակման էր ենթարկվել Արեգ Ջ.-ն, ով բուքմեյքերական գրասենյակում խաղադրույք էր կատարել ֆուտբոլի՝ Հարավային Ամերիկայի գավաթի համար ընթացող առաջնության եզրափակիչ՝ Արգենտինա-Չիլի խաղի վրա ու շահել էր…38 հազար դոլար:
Ավազակային հարձակմամբ, ըստ քրեական գործի նյութերի, փողոցում հափշտակվել էր այդ ամբողջ առանձնապես խոշոր չափերի շահումը: Հարձակվողները դիմակներով են եղել: Տուժողը նրանց դեմքերը չի տեսել:
Այդ ավազակային հարձակումը կազմակերպելու, ղեկավարելու և կատարելու համար նախաքննական մարմինը մեղադրանք էր առաջադրել 25-ամյա Կոնստանտին Հունանյանին, Վաչիկ Գեղամյանին, Անդրանիկ Հովսեփյանին և 23-ամյա Աշոտ Կարինյանին:
Չորս ամբաստանյալներն էլ առաջադրված մեղադրանքները չեն ընդունել և իրենց մեղավոր չեն ճանաչել:
Ըստ մեղադրանքի՝ Կոնստանտին Հունանյանը՝ «Կոկո» մականունով, ոմն Արմենից տեղեկացել է, որ մի քաղաքացի խաղադրույքով 38 հազար դոլար է շահել և շահումը պետք է ստանա:
Խաղադրույքը Արեգ Ջ.-ն կատարել է Մոսկովյան փողոցում գտնվող բուքմեյքերական գրասենյակում 2015 թվականի հուլիսի 3-ին: Արգենտինա-Չիլի եզրափակիչ խաղի վրա նա կատարել է 11 հազար դոլար խաղադրույք և արդյունքում շահել է… 38 հազար դոլար:
Հուլիսի 8-ին Արեգը զանգահարել ու պարզել է, որ շահումն ամբողջությամբ կարող է ստանալ հաջորդ օրը:
Հուլիսի 9-ի առավոտյան նա մենակ՝ տաքսիով գնացել է բուքմեյքերական կենտրոնական գրասենյակ՝ շահումը ստանալու:
Ըստ մեղադրանքի՝ Կոնստանտին Հունանյանը, նախապես տեղեկություն ստացած լինելով այս մասին, հուլիսի 9-ին, ժամը 10-ն անց 30-ի սահմաններում հանդիպել է Վաչիկ Գեղամյանին, Աշոտ Կարինյանին ու Անդրանիկ Հովսեփյանին և կազմակերպել է նրանց կողմից ավազակային հարձակման կատարումը: Նա հանցագործության կատարողներին է հանձնել դիմակներ, փայտե մահակ, մեքենայի գողացված համարանիշ, որն ամրացրել են Տ.-ից վերցրած «Մերսեդեսին»: Մեքենայի ղեկին եղել է գործով չպարզված անհայտ անձ:
Ժամը 11-ի սահմաններում, ըստ մեղադրանքի, Գեղամյանը, Հովսեփյանը, Կարինյանն ու անհայտ անձը «Մերսեդեսով» դարանակալել են բուքմեյքերական կենտրոնական գրասենյակի մոտ: Նրանք տեսել են, որ տաքսիով գրասենյակ եկավ Արեգ Ջ.-ն, իրոք՝ ստացավ իր շահումը և դուրս եկավ: Հետևել են Արեգին: Վերջինս տաքսիով հասել է Պուշկինի փողոցում գտնվող տարադրամի փոխանակման կետ, բաց է թողել տաքսին, մտել է փոխանակման կետ, դուրս է եկել ու ոտքով, միայնակ շարժվել է դեպի Պուշկին-Սարյան փողոցների հատույթ:
Այդ ժամանակ, ըստ մեղադրանքի, Հովսեփյանը, Կարինյանն ու Գեղամյանը հարձակվել են Արեգ Ջ.-ի վրա, ոտքերով, ձեռքերով հարվածներ են հասցրել նրան ու բացականչել են. «Էրեխա ե՞ս բռնաբարում, արա՛»:
Տուժողը սկզբում մտածել է, թե հարձակվողները շփոթել են, քանի որ ինքը ոչ մեկին չի բռնաբարել, բայց երբ հարձակվողները հափշտակել են նրա պայուսակը, հասկացել է, որ հարձակվողների նպատակը իր շահած գումարի հափշտակությունն էր:
մանրամասն՝այստեղ:
