Երևանում անհայտ անձինք ներկել են Հովհաննես Շիրազի արձանը
Երևանի Մալաթիա Սեբաստիա համայնքի «Սուրբ Երրորդություն» եկեղեցու մոտակա՝ «Երիտասարդություն» զբոսայգում գտնվող Հովհաննես Շիրազի արձանն անհայտ անձինք ներկել են բրոնզագույն ներկով:
Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայությունից հայտնեցին, որ կատարվածի վերաբերյալ տեղեկատվություն ստացել են և դատապարտում են հուշարձանների նկատմամբ նման վերաբերմունքը:
«Հովհաննես Շիրազի արձանը հուշարձանների պետական ցուցակում ընդգրկված չէ, սակայն Երևան քաղաքի հուշարձանների պահապանը եղել է տեղում, արձանագրել վիճակը: Մենք գրություն ենք պատրաստել, որը կուղարկենք համայնքի ղեկավարին: Մշակույթի նախարարությանը ևս տեղյակ կպահենք»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության» ՊՈԱԿ-ի տնօրենի հասարակայնության հետ կապերի գծով օգնական Մարինե Ավանեսյանը: