Երևանում հայրը դաժան ծեծի է ենթարկել 8-ամյա դստերը՝ խանութից գարեջուր չբերելու համար
1in.am-ը գրում է.
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ ավարտվեց Արտյոմ Ս.-ի գործի դատական քննությունը:
34-ամյա Արտյոմը մեղադրվում էր իր 8-ամյա դստերը ձեռքերով ու ոտքերով ծեծելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածով:
Ըստ դատական ակտի՝ Արտյոմ Ս.-ն ամուսնացել է 2006 թվականին: Ամուսնական կյանքի ընթացքում ծնվել են նրա երեք երեխաները՝ ավագ դուստրը՝ 2008 թվականին, որդին՝ 2010 թվականին ու կրտսեր դուստրը՝ 2013 թվականին:
Ընտանիքում Արտյոմը հաճախ է վիճաբանել կնոջ հետ, հատկապես՝ ալկոհոլ օգտագործած վիճակում:
Կինը հանուն երեխաների դիմացել ու ամեն անգամ հաշտվել է Արտյոմի հետ:
2016 թվականի օգոսոտոսի 26-ին, ժամը 21-ի սահմաններում Արտյոմը տանը խմիչք է օգտագործել, եղել է հարբածության վիճակում: Նա 8 տարեկան աղջկանից պահանջել է, որ երեխան գնա խանութ՝ գարեջուր գնելու: Պահանջել է նաև, որ աղջնակը չխաղա 6-ամյա եղբոր հետ:
Աղջնակը չի ենթարկվել հոր պահանջներին, խանութ չի գնացել, շարունակել է խաղալ եղբոր հետ:
Հայրը ձեռքերով ու ոտքերով հարվածներ է հասցրել աղջնակի դեմքին, ձախ ոտքին, քաշքշել է նրա պարանոցից՝ երեխային պատճառելով վնասվածքներ ու ֆիզիկական ցավ:
Երեխայի նկատմամբ իր «ուժը» ցուցադրելուց հետո Արտյոմը դուրս է եկել բակ: Հենց այնտեղ էլ նրան տեսել են ահազանգով նրանց տուն գնացած ոստիկանները ու բերման են ենթարկել ոստիկանության բաժին:
Դատարանում Արտյոմ Ս.-ն իրեն մեղավոր ճանաչեց ու հրաժարվեց է ցուցմունքներ տալուց:
Անչափահաս տուժողը՝ 8 տարեկան երեխան, հայտնեց, որ դեպքի օրը՝ երեկոյան, հայրը պահանջել է, որ ինքը գնա խանութ՝ գարեջուր գնելու: Ինքը չի գնացել: Հայրը պահանջել է, որ ինքը չխաղա վեց տարեկան եղբոր հետ: Ինքը շարունակել է խաղալ:
Հայրը բռնել է իր պարանոցից, քաշքշել է, ձեռքով երկու անգամ հարվածել է իր դեմքին, գցել է գետնին, ոտքով երկու անգամ խփել է իր ձախ ոտքին: Իր մարմինը ուժեղ ցավել է, ոտքն էլ կապտել է: Ինքը գետնից վեր է կացել, գնացել ու պառկել է մահճակալին: Քիչ հետո տուն է մտել մայրը, հետո էլ՝ ոստիկանները…
Տուժող երեխայի օրինական ներկայացուցիչը՝ մայրը, ով նաև ամբաստանյալի կինն է, դատարանում օգտվեց իր սահմանադրական իրավունքից ու հրաժարվեց ցուցմունքներ տալուց:
Նախաքննության ժամանակ կինը հայտնել է, որ ամուսինը, խմած վիճակում, խանութ չգնալու և կրտսեր եղբոր հետ խաղալու պատճառով ծեծել է իրենց ավագ դստերը: Ինքը ներկա է եղել երեխայի ծեծին, բայց չի կարողացել միջամտել, քանի որ փոքր երեխան՝ 3 տարեկան դուստրը, իր գրկում էր: Ինքը ուղղակի հուզված տանից դուրս է եկել, գնացել է քրոջ մոտ, պատմել է կատարվածը: Քույրն էլ է զայրացել ու ահազանգել է ոստիկանություն:
Ընդհանուր իրավասության դատարանը հաստատված գնահատեց Արտյոմ Ս.-ի մեղքը մեղսագրված արարքի համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածով:
Դատարանը հաշվի առավ, որ Արտյոմ Ս.-ի խնամքին 3 անչափահաս երեխաներ կան, այդ թվում՝ մինչև 8 տարեկան 2 երեխա:
Արտյոմ Ս.-ն դատապարտվեց 30 հազար դրամ տուգանքի: