Երևանում մայրը սեքսուալ գործողություններ է կատարել, իսկ որդին մահացու հարվածներ հասցրել մերկ տղամարդուն
Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Սերգեյ Մարաբյանի նախագահությամբ կայացավ Սրբուհի և Արշակ Ժ.-երի գործով դատական նիստը:
Ամբաստանյալները մայր ու որդի են:
Նրանք գտնվում են կալանքի տակ ու մեղադրվում են ծանր հանցագործությունների՝ դիտավորյալ սպանության և ավազակային հարձակման համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ և 175 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետերով:
Ըստ մեղադրանքի՝ Սրբուհին որդու՝ Արշակի հետ պայմանավորվել է գողություն կատարել իրենց ծանոթ Բարկիֆի բնակարանից: Միաժամանակ մայր ու որդի, ըստ մեղադրանքի, նախատեսել են, որ տանտիրոջ կողմից նկատվելու դեպքում գույքի հափշտակություն կկատարեն ավազակային հարձակմամբ: Մայր ու որդի նախնական համաձայնությամբ կատարել են դերաբաշխում:
2016 թվականի փետրվարի 20-ին, ժամը 00.30-ի սահմաններում Սրբուհին ու Արշակը գնացել են Ավան-Առինջ թաղամասում բնակվող Բարկիֆ Յ.-ի բնակարան:
Այնտեղ մայր ու որդի ընթրել են, ալկոհոլ են օգտագործել:
Ըստ մեղադրանքի՝ Սրբուհին տանտիրոջ հետ փոխադարձ համաձայնությամբ սեքսուալ գործողություններ է կատարել, ինչից հետո տանտերը մտել է լոգարան:
Արշակը գնացել է նրա հետևից, հարվածել է ծոծրակին ու պարանոցից բռնած՝ տարել է զուգարան, որտեղ երեք անգամ ուժգին հարվածել է նրա գլխին:
Այդ ընթացքում Սրբուհին բնակարանից հափշտակել է տարբեր իրեր:
Արշակը վնասվածքներ ստացած տարեց տղամարդուն անօգնական վիճակում թողել է զուգարանում, անջատել է լույսը, հյուրասենյակից հափշտակել է մազ կտրելու էլեկտրական ածելին ու հեռացել է:
Բարկիֆ Յ.-ն ստացած վնասվածքներից նույն օրը հիվանդանոցում գիտակցության չգալով՝ մահացել է:
Դատարան էր ներկայացել Բարկիֆի որդին՝ տուժողի իրավահաջորդ Հարություն Յ.-ն: Մինչև այս նիստը նրան սխալ հասցեով էին տեղեկացնում դատական նիստերի մասին՝ նախկին հասցեն փոխվել էր:
Նախագահողը տուժողի իրավահաջորդին բացատրեց նրա իրավունքները: Հարություն Յ.-ն համեստորեն ասաց. «Շնորհակալ եմ, բան պետք չի…»:
Դատարանը վկաների հարցաքննության փուլում է: Դատարան էին ներկայացել վկաներ, ամուսիններ Գեղամ Կ.-ն ու Վերոնիկա Մ.-ն: Նրանք տուժող Բարկիֆի հարևաններն էին՝ նույն աստիճանահարթակում էին նրանց բնակարանները՝ «դուռ դռան»:
Գեղամը հայտնեց, որ նախկինում ամբաստանյալներին Բարկիֆի տուն գնալ-գալիս չի տեսել. «Չէի էլ պատկերացնի…»,- ամբաստանյալներին նայելով՝ խոսքը չվերջացրեց վկան:
Նա հայտնեց, որ դեպքի օրը՝ 2016 թվականի փետրվարի 20-ի առավոտյան Բարկիֆի որդի Հարությունը, որ այն ժամանակ իրենց թաղամասում էր ապրում, եկել է իրենց տուն: Իրենք տունը նորոգում էին՝ «գազ-մազ անջատած էր»: Հարությունին ցանկացել են սուրճ հյուրասիրել, բայց ասել են, թե գազ չունեն: Հարությունն առաջարկել է, որ Վերոնիկան սուրճը եփի հայրիկի տանը:
Վերոնիկան մտել է Բարկիֆի բնակարան:
Հարությունն էլ ասել է՝ գնամ տեսնեմ հայրիկը ոնց է: Նա մտել է հոր բնակարան, ու Գեղամը հանկարծ լսել է Հարությունի «բղավոցը»: Գեղամը սկզբում անհանգստացել է՝ կնո՞ջն է բան պատահել. «Մարդու մտքով հազար բան կանցնի»:
Նա վազել է Բարկիֆի բնակարան: Տեսել է, որ տանտերը՝ Բարկիֆը, «սանհանգույցում» կիսապառկած է, ծանր է շնչում ու չի խոսում. «Ունիտազի վրա կիսապառկած էր, գլուխը՝ պատի կաֆելին հենած»:
մանրամասները՝1-in.am-ում:
