«Երևում է, թե իշխանությունը ումից է մրսում… նրանք հարթակի ուժերի դեմ ուժ չեն կիրառի» (Video)
1in.am-ը գրում է. Նախկին քաղբանտարկյալ, ազատամարտիկ Մուշեղ Սաղաթելյանի կարծիքով՝ Ազատության հրապարակում տեղի ունեցողը ոչ թե շարժում է, այլ մարդկանց ընդվզում՝ ընդդեմ իշխանությունների վարած քաղաքականության. «Մարդկանց ոչ թե հետաքրքրում է այն, թե ով է ղեկավարում շարժումը, այլ այն, թե ինչքան արագ կարող են ազատվել այս չարորակ իշխանությունից»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա:
Հարցին՝ իր համար ընդունելի կլինի՞ եկող իշխանությունը, և դիտարկմանը, թե Ծառուկյանը հնարավոր է համարում իր առաջադրումը, Մուշեղ Սաղաթելյանը պատասխանեց. «Կասեմ, թե ով է իմ ցանկացած նախագահը. իմ նախագահը ազատ ու արդար ընտրություններն են, ես կընդունեմ նրան, ում ժողովուրդը կընտրի որպես նախագահ: Թե այդ նախագահն ով կլինի՝ միայն արդար ընտրություններից հետո կարելի է ասել»:
Սաղաթելյանի դիտարկմամբ՝ քաղաքականության մեթոդները փոխվել են, և սա համեմատելի չէ 2008-ի շարժման հետ: Հարցին՝ հնարավո՞ր է, որ իշխանությունը գնա Մարտի 1-ի սցենարով, Մուշեղ Սաղաթելյանը պատասխանեց. «Իմ կարծիքով՝ իշխանությունները հարթակ դուրս եկած ուժերի դեմ ուժ չեն կիրառի. եթե այսօրվա երիտասարդ սերունդը փորձի քայլ կատարել, կդիմեն ուժային մեթոդների: Շանթի երթի տարելիցի օրը երթի դուրս եկած և ոչինչ չարած 10 երիտասարդների բերման ենթարկեցին: Երևում է, թե իշխանությունը ումից է մրսում ու վախենում»:
