Էրեխու պես երազում եմ էս երկրի վաղվա օրվա մասին. Ազատ Աբրահամյան
Զարմանալի է.
Միշտ համոզված եմ եղել,որ վատ կամեցողներ չունեմ,էլ ու՞ր մնաց՝ թշնամիներ:
Ստեղծածս բեմահարթակ եմ տանում,երգում եմ սիրո,խղճի,հոգու մասին...
Ներսումս՝ ինչ կա,ինչն անեղծ է ու ինչքան ուզես:
Ի՞նչ եմ անում,որ հետս թշնամանան,չկամենան կամ չարախոսեն:
Սկսած ամենաշատախոս հարևանից,մինչև ծանոթ ու անծանոթ բուդկեչի ու առևտրական,պատահական մեկից,ում թաքուն ժպիտից արդեն գլխի ես ընկնում,որ չնայած վաղուց խռովել ու հեռացել ես էկրաններից,կարգին փոխվել ես ու մեծացել,բայց նա քեզ ճանաչե՜ց,ժպտաց... օրն սկսում եմ իմ անուղղելի կարոտի բարևով՝ մասիվցուն,էրևանցուն,իմ քաղաքին:
Էրեխու պես երազում եմ էս երկրի վաղվա օրվա մասին:
Մտքերումս գրում եմ ու ջնջում,ներկում եմ ու նկարում,
ինձ ու ինձ ոգևորվում ու ծիծաղում եմ,հետն էլ ծաղրում եմ ինքս-ինձ,թե տեսնես քանի՞ մարդ կարծեց գժվել եմ,քանի՞սը սրտնեղեց իմ պատճառով:
Հեռացել ենք մեկս-մեկից...
Էն քաղաք բերող անհամբերությունն է պակասել:
Թասիբին կանգնող վստահությունը:
Էն ընկերոջը հանդիպելու ծարավն է պակասել,որ միայն գինով ու հարբելով չէր հագեցվում:
Կենացի մեջ հավատարմություն կար,հավատ կար,պատասխանատվություն:
Մեծ ու փոքր կար,չափ ու չափագրում,ամեն << չիմացող >> իմանալու ճամփեքը գիտեր,իմացողն էլ իր գինն ու նշանակությունը...
Դրա համար էլ քաղաքը՝ քաղաք էր,բարությունն անկեղծ,թշնամանքն ու չարախոսությունն էլ մերժելի...
Երբեմն ինձ թվում է,թե էրեխու պես շա՜տ եմ միամտանում,որ իմ զարմանալու վրա էսքա՜ն զարմանում եմ...
Բացեք աչքերը:
Էսօր իսկական՝ սիրել,սիրվելու օր է...