Երիտասարդների գործազրկության ցուցանիշը հասնում է 24 տոկոսի. սա մտահոգիչ է. փոխնախարար
Tert.am-ը գրում է.Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Արայիկ Պետրոսյանը լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, թե մոլորակի առաջ կանգնած մարտահրավերներից զերծ չէ նաև Հայաստանը:
«Աղքատության խնդիրը ծառացած է մեր առջև, համաշխարհային տնտեսական ճգնաժամից հետո այդ հարցն ավելի սրվեց, սակայն հետևողական քաղաքականության արդյունքում 2008 թվականից հետո աստիճանաբար կարողացանք ցուցանիշները նվազեցնել»,- ասաց փոխնախարարը, շարունակելով, թե երկրի առջև կանգնած հաջորդ կարևոր խնդիրը գործազրկությունն է:
«Հատկապես երիտասարդների գործազրկության ցուցանիշը հասնում է 24 տոկոսի, սա նույնպես մտահոգիչ է»,- արձանագրեց Արայիկ Պետրոսյանը:
Վերջինս ասաց նաև, թե կենսաթոշակների մակարդակը նույնպես ցածր է, և այն չի կարող բարեկեցություն ապահովել թոշակառուներին:
«Նվազագույն աշխատավարձի մակարդակը դեռևս ամբողջությամբ չի ապահովում ոչ միայն ընտանիքի, այլ նաև անձի բավարար կենսամակարդակը: Սա ևս մտահոգիչ է, և Կառավարության առջև խնդիր է դրված յուրաքանչյուր տարի 5000 դրամով այն ավելացնել»,-ասաց փոխնախարարը:
Ի թիվ այլ խնդիրների, փոխնախարարն ասաց նաև, թե տարածքային համաչափ զարգացման խնդիր ևս ունի մեր երկիրը, քանի որ բնակչությունը հիմնականում կենտրոնանում է մայրաքաղաքում:
«Հաշմանդամությունն ունի 8-9 տոկոս զբաղվածություն, սա լրջագույն խնդիր է»,- նկատեց փոխնախարարն՝ ավելացնելով, թե սոցիալական ոլորտն ամենաբարդ ոլորտն է:
մանրամասները՝ սկզբնաղբյուրում
