Երկու Վահե Հակոբյան՝ շատ կլինի
ՀՀԿ-ում լուրջ մտահոգություններ կան Սյունիքի մարզի մասով: Ճիշտ է՝ Սուրիկ Խաչատրյանը հայտարարել է, որ գլուխը պատով կտան իր` ՀՀԿ-ից դուրս գալու մասին խոսողները, այնուհանդերձ, նա փորձելու է այնպես անել, որ նոր մարզպետը տապալվի: Վերջինս էլ, ըստ մեր աղբյուրների, որոշակի դժվարություններ ունի ՀՀԿ-ի համար բավարար ձայներ ապահովելու հարցում, քանզի մարզում արդեն իսկ մեծ աշխատանքներ է տանում ԲՀԿ-ն: Այդ իսկ պատճառով ՀՀԿ վերնախավը քննարկել է նախկին մարզպետ Վահե Հակոբյանի՝ ռեյտինգայինով առաջադրվելու հարցը: Այդպե՞ս է՝ հարցրինք նրան: «Ես դեռ որեւէ առաջարկ չեմ ստացել»: Իսկ ճի՞շտ է, որ վերջին շրջանում բնակություն էիք հաստատել Ավստրիայում: «Ոչ, 1-2 ամիս պարզապես գտնվել ենք այնտեղ։ Ես հասկանում եմ, թե Դուք ուր եք տանում, սակայն այդ` կեցության հարցին ես արդեն պատասխանել եմ․ որեւէ խնդիր լինել չի կարող»: Իսկ նոր մարզպետ Վահե Հակոբյանի հետ ի՞նչ հարաբերությունների մեջ եք: «Իրեն չեմ ճանաչում»: Այդ ինչպե՞ս, «ձեր» գործարանում էր աշխատում: «Այո, աշխատել է, ադմինիստրատիվ կորպուսում, սակայն առիթ չի եղել ծանոթանալու»: Մի քիչ շատ չէ՞ մի մարզի համար «երկու» Վահե Հակոբյանը: «Ո՛չ»: Ավելի ուշ տեղեկացանք, որ նախկին մարզպետի թեկնածությունն արդեն հանվել է օրակարգից։
«Հրապարակ».
