Եռյակի առաջնորդների տարակարծություններն ակնհայտ էին նաև ներքին խնդիրների մասով. Ժամանակ
Ազատության հրապարակում տեղի ունեցավ ոչ իշխանական ուժերի հռչակած նոր ժողովրդական շարժման արդեն երկրորդ հանրահավաքը: Հանրահավաքը կրկին տպավորիչ էր իր բազմամարդությամբ, թեև այս առումով, իհարկե, ոչ ոք ոչ մի անգամ կասկած իսկ չի ունեցել, որ ԲՀԿ-ի առկայության պարագայում հանրահավաքների բազմամարդությունը բացարձակապես խնդիր չէ, և ԲՀԿ-ն միանգամայն ի զորու է դա ապահովել, ինչը ցույց է տվել 2012-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ, երբ մարդ էր ապահովում ոչ միայն իր, այլ նաև ՀԱԿ-ի հանրահավաքների համար:
Սպասելիների շարքը համալրեցին շարժման առաջնորդների հերթական անգամ դրսևորված տարաձայնությունները, ըստ որում` խոսքը միայն ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության հարցին չէ, որ վերաբերում է, որի վերաբերյալ հերթական անգամ իր տարբերվող կարծիքը հայտնեց Րաֆֆի Հովհաննիսյանը: Եվ, ի դեպ, ԵՏՄ-ին անդամակցության մասով ռուսական ռեվերանսը այս անգամ մանրամասն արվեց` ամենայն հավանականությամբ այն նկատառումով, որ նախորդ հանրահավաքի մեսիջները այնքան էլ լավ տեղ չեն հասել, և կարիք է եղել ավելի մանրամասն և հանգամանալից ռեվերանս կատարել դեպի անշրջելիությունը:
Այնուամենայնիվ, շարժման առաջնորդների տարակարծություններն ակնհայտ էին նաև մարտավարական` այսպես ասած ներքին խնդիրների մասով: Տեր-Պետրոսյանը այդ մասին ընդհանրապես ոչինչ չասաց, Րաֆֆի Հովհաննիսյանը նստացույցի գաղափարը առաջ բերեց և հեղափոխության, իսկ Գագիկ Ծառուկյանն, ըստ էության, հայտարարեց, որ նստացույց և հեղափոխություն չի լինելու:
Այս իրավիճակում, իհարկե, ելքը շտաբներն են, այսինքն` մարզերը, այսինքն` առաջնորդներից առայժմ ինչքան հնարավոր է հեռու, որովհետև վերջին օրերին որքան երկար երեքը մնացին իրար հետ, այդքան առավել ակնառու դարձան նրանց տարաձայնությունները:
Ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում:
