Եռյակը դեռ հստակ որոշում չունի, թե երբ է վերադառնալու Ազատության հրապարակ. Հրապարակ
Ոչ իշխանական եռյակը դեռ հստակ որոշում չունի, թե երբ է վերադառնալու Ազատության հրապարակ: Երեկ ՀԱԿ ներկայացուցիչ Սամվել Աբրահամյանը դեկտեմբերի 10-ին հանրահավաք եւ երթ անելու իրազեկում է ներկայացրել քաղաքապետարան: Իրազեկումներ է ներկայացրել նաեւ «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը՝ դեկտեմբերի 5-ին, 6-ին, 7-ին Ազատության հրապարակում հանրահավաքներ անցկացնելու մասին: Ավելի վաղ Մարտիրոսյանն իրազեկումներ էր ներկայացրել նոյեմբերի 21-30-ը հանրահավաքների վերաբերյալ: Սակայն հանրահավաքի հետ կապված հստակ որոշում չկա, պարզապես զբաղեցնում են հրապարակը, որպեսզի որոշում ընդունելու դեպքում փաստի առջեւ չկանգնեն: Հանրահավաքից 7 օր առաջ պետք է իրազեկում ներկայացվի: Երեկ Մարտիրոսյանը մեզ հետ զրույցում պնդում էր, որ ոչ մի օրվա կապակցությամբ հանրահավաք անելու որոշում չկա, միաժամանակ չբացառեց, որ «Ժառանգությունը» սեպարատ հանրահավաք անելու որոշում կայացնի: Ըստ Մարտիրոսյանի, այս շրջանում եռյակում ու իրենց կուսակցությունում քննարկումներ են ընթանում: Քննարկվում է նաեւ Րաֆֆի Հովհաննիսյանի առաջարկած հռչակագիրը, որը ոչ այլ ինչ է, քան ԲՀԿ-ի ու ՀԱԿ-ի հայտարարությունների ծաղկաքաղ:
