«Եռյակը կամ պետք է շարունակի սկսածը, կամ ուղղակի ասպարեզից հեռանա» (Video)
1in.am-ը գրում է.«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԳԽ պատգամավոր, Հանրային խորհրդի անդամ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Զոլյանը:
-Պարոն Զոլյան, ոչ իշխանական ուժերն արդեն երկու հանրահավաք անցկացրեցին: ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն իր ելույթում նշեց, որ եթե իշխանությունները չբավարարեն եռյակի պահանջները, ապա իրենք կգնան արտահերթ ընտրությունների: Ի՞նչ եք կարծում, արդյոք այդ ուժերը մինչև վերջ կգնան, թե՞ ժողովուրդը հերթական հիասթափության առաջ կկանգնի:
-Իմ տպավորությունն այն է, որ որոշակի ծրագիր է իրականացվում և մինչ այս արած քայլերը բավականին հաջող էին: Առաջին հանրահավաքը ուժերի մոբլիզացիա էր, երկրորդը՝ կոնկրետ գործողություններ, որտեղ պարզ ուրվագծվում է շարունակությունը: Այն պահանջները, որ ներկայացվել էին, իշխանությունները չէին կատարել և ի վիճակի չեն կատարել: Մենք հանդիպել էինք սեպտեմբերին. ես ասել էի՝ սեպտեմբերին ոչինչ մի սպասեք, բայց հոկտեմբերին լինելու են լուրջ փոփոխություններ և այդ փոփոխությունները բխում են ոչ միայն ոչ իշխանական ուժերի գործողություններից, այլ նաև կառավարության և իշխանության անզորությունից:
Կառավարությունը կարծես հատուկ ավելացնում է բողոքող զանգվածը՝ մինչ այդ առևտրականներ, հիմա էլ չլսված բան՝ կերակրող մայրեր, հղի կանայք: Պատկերացրեք, ինչի պետք է հասած լինի, որ այդ կատեգորիայի մարդկանց փողոց հանեն: Ես տեսնում եմ, որ բավականին լուրջ սխալներ են արվում, ռեժիմը սպառել է իր հնարավորությունները թե՛ դիմադրելու և թե՛ վերարտադրվելու՝ սահմանադրական փոփոխությունները հետաձգվեցին: Պետք չէ սպասել շատ արագ լուծումների, բայց այն ժամկետը, որ նշված էր Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից ՝ ապրիլի 24-ը, իրատեսական ժամկետ է իշխանափոխության համար:
-Որքանո՞վ է Ձեզ համար ընդունելի եռյակի մարտավարությունը: Գագիկ Ծառուկյանը խոսում է «եթե»-ներով, հիմա էլ ԲՀԿ պատգամավորները խոսում են արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին: Սա արդյո՞ք նիշի իջեցում չէ, չպե՞տք է միանգամից Սերժ Սարգսյանի հրաժարականը պահանջել.․․ իրավիճակն այնպես է հասունացել, որ մանր փոփոխությունները մեծ արդյունք այլևս չեն բերում:
-Իմ մեկնաբանությունն այն է, որ բավականին գրագետ քայլ է: Ի վերջո, որոշակի ժամանակ է պահանջում թե՛ շտաբների ձևավորումը, թե՛ Ընտրական օրենսգրքի փոփոխությունը։ Բնական է, եթե ասվեր, որ հենց վաղը պետք է լինեն խորհրդարանական արտահերթ ընտրություններ, դա իրատեսական չէր լինի: Այս ընտրությունները պետք է միաժամանակ անցկացվեն, եթե պահանջում ես արտահերթ խորհրդարանական ընտրություններ, ապա անհասկանալի է, թե ինչու չես պահանջում նաև նախագահական ընտրություններ: Դեպքերի զարգացումը բերելու է նրան, որ այդ պահանջը միասնական է լինելու՝ ես այդպես եմ տեսնում: Բայց հայտարարել, որ դա պետք է լինի հաջորդ շաբաթ կամ հաջորդ ամիս, իրատեսական չէ, որովհետև տեղերում նախապատրաստական աշխատանք չի տարվել:
մանրամասները՝ սկզբնաղբյուրում
