Ես չեմ ցանկանում հակադարձել նրան ու ասել, թե ով է ամենամեծ «խուժանը»:
Ինչպես ներկայացրել էինք մեր նախորդ հրապարակումներում, Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Նաիրա Մարգարյանի նախագահությամբ, որոշում էր կայացրել անհիմն համարել «Հին Էրիվանի» սեփականատեր Մանվել Տեր-Առաքելյանի հայցն ընդդեմ դատավոր Արմեն Բեկթաշյանի:
Հիշեցնենք, որ գործարար Մ. Տեր-Առաքելյանը դատարան էր դիմել պատվի ու արժանապատվության պաշտպանության հայցապահանջով, քանի որ դատավոր Բեկթաշյանը, քննելով ձեռնարկատեր Մ.Տեր-Առաքելյանի հայցը՝ նրան անհիմն դուրս է հրավիրել Մ.Տեր-Առաքելյանին դատարանի դահլիճից, գործարարին «խուժան» անվանելով :
«Հին Էրիվանի» սեփականատիրոջ կարծիքով. «Այդ շոուն կազմակերպելու երկու հանգամանք կար: Նախ երբ դատավոր Բեկթաշյանը ներս մտավ դահլիճ եւ դատական նիստը սկսվեց, դատավորն անընդհատ հարցնում էր, իսկ ո՞ւր է Հայկ Հարությունյանը՝ Վարդան Աթայանի փաստաբանը, մենք տաս րոպե սպասեցինք նրան, որովհետեւ այդ շոուին, իմ կարծիքով, Հարությունյանն անպայման պետք է մասնակցեր, իսկ Հայկ Հարությունյանը՝ Դավիթ Հարությունյանի հարազատ եղբայրն է: Հավանաբար նա նման պահվածք էր ցուցաբերում, որ Հայկ Հարությունյանին ցույց տար, որ տեսեք ինչ լավ դատավոր եմ, ինչ «դուխով» տղա եմ, որ կարողացա Մանվելին դատարանի դահլիճից դուրս հանել: Ենթադրում եմ, որ նման պահվածքով նա իր թեկնածությունն առաջադրեց, որ Հարությունյանն իր եղբորն ասի, թե ինչ լավ տղա է ու որ ամեն ինչի պատրաստ է իրենց համար: Եվ երկրորդ տարբերակն այն է, որ կարգադրիչների մոտիկանալուն պես, ես ընդդիմանայի, եւ ինձ հասարակական կարգի խանգարման համար առանձնացնեին եւ հետո շենքիցս զրկվեի: Փառք Աստծո, ես դա շուտ հասկացա, եւ երբ երեք կարգադրիչներն ինձ մոտենում էին, ինքնակամ դուրս եկա դահլիճից առանց ավելորդությունների: Ինձ դահլիճից հանելուց հետո դատավորն ինձ անվանում է խուժան, սակայն ես չեմ ցանկանում հակադարձել նրան ու ասել, թե ով է ամենամեծ «խուժանը»:
Սոսե Չանդոյան
