Ես էլ եմ ինձ վատ զգում, որովհետեւ մի վճարող էլ ես եմ...
Հայաuտանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ` Ռոբերտ Նազարյանը, Forums.am-ի հետ զրույցում անդրադառնալով գազի եւ էլեկտրաէներգիայի թանկացման շուրջ ստեղծված դժգոհություններին, ասաց հետեւյալը.
- Որպես քաղաքացի շատ վատ եմ զգում, որ թե՛ գազը, եւ ՛ թե էլեկտրաէներգիան թանկացել է, որովհետեւ մի վճարող էլ ես եմ: Իսկ թե ինչ հետեւանք կարող են ունենալ հասարակության դժգոհությունները՝ խնդրի հետ կապված, ի պաշտոնե չեմ կարող պատասխանել: Այդ հարցը պետք է ուղղել Էկոնոմիկայի, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը, որպեսզի նրանք պատասխանեն, թե ինչ է պետք անել, որպեսզի սոցիալական խնդիրները քիչ թե շատ լուծվեն: - Պարոն Նազարյան, ի դեպ վերջին ժամանակներս, ՀՀ-ի նման փոքր երկրում իրար հերթ չտալով նոր ՀԷԿ-եր են կառուցվում: Արդյո՞ք դրանց անհրաժեշտությունը կա: -Կառուցվող փոքր ՀԷԿ-երը ես շատ կարեւորում եմ: Քանի որ ՀԷԿ-երը վերականգնվող էներգետիկա են, նախ չեն ախտոտում մթնոլորտը, երկրորդ՝ մեր սեփական ռեսուրսներն են, եւ երրորդ՝ դրանք բերում են Էներգետիկ համակարգի անկախության: Ի վերջո բացվում են մի շարք աշխատատեղեր, եւ ներդրումներ են իրականացվում: Այդ ամենը հաշվի առնելով` գտնում եմ, որ եթե դա չի կառուցվում որեւէ բնապահպանական նորմատիվների խախտումներով, ապա ՀԷԿ-երի կառուցումը պետք է միմիայն խրախուսել: Իսկ ներկայումս կառուցվող ՀԷԿ-երը բնապահպանական նորմատիվները չեն խախտում: Ես ողջունում եմ, որ փոքր ՀԷԿ-երի թիվը ՀՀ-ում հնարավորինս մեծ լինի եւ մենք կարողանաք մեր սեփական ռեսուրսը օգտագործել, ավելի քիչ գազ ծախսել, իսկ եթե Աստված մի արասցե պատերազմ լինի եւ գազը Հայաստան չներմուծվի, մենք կարողանանք անկախ էներգետիկ համակարգ ունենալ:
Ն. ԱԴԱՄՅԱՆ
