Ես էլ կարող եմ ՀՀ հաջորդ վարչապետը լինել. Հակոբ Հակոբյան
«Տնտեսական այն ցուցանիշները, որոնք այսօր շրջանառության մեջ են դրվել, նախնական են: Իսկ որպեսզի հնարավոր լինի գնահատական տալ ՀՀ վարչապետի աշխատանքին, պետք է ունենալ վերջնական ցուցանիշներ»,-ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նման համոզմունք հայտնեց ՀՀԿ-ական պատգամավոր Հակոբ Հակոբյանը։
Անդրադառնալով գործող վարչապետի փոփոխության հարցին՝ Հակոբ Հակոբյանը հիշեցրեց նոր Սահմանադրությունը, ըստ որի վարչապետն ունենալու է նոր լիազորություններ։
«Ազգային ժողովը 2018 թվականից դառնալու է թիվ 1 պետական մարմինը, և ՀՀԿ-ն, որպես ԱԺ-ում առաջին քաղաքական ուժ, իր որոշումը կունենա այն ժամանակ, երբ Հանրապետության նախագահի լիազորություններն ավարտվեն»,- ասաց նա:
Լրագրողների հարցին՝ Կարեն Կարապետյանը կարո՞ղ է լինել ՀՀ հաջորդ վարչապետը, Հակոբ Հակոբյանը կեսկատակ արձագանքեց. «Ես էլ կարող եմ լինել, բոլորն էլ կարող են լինել: Կուսակցությունը կունենա որոշում: Եթե Սերժ Սարգսյանը ցանկանա, ինքն անպայման կլինի, որովհետև ինքն է կուսակցության ղեկավարը և հենց կուսակցության ղեկավարը պետք է լինի պատասխանատու»: