Ես կարծում եմ, որ ջղաձիգ հայտարարություններ անելու կարիք չկա
Ես որևէ լուրջ խնդիր չեմ տեսնում և գուցե իմ պատասխանով կրկնվեմ, սակայն մեր պետության սահմանները մաքսային միությունը կամ Եվրասիական միությունը չէ, որ պետք է ֆիքսի: Fnews.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Ղազախստանի նախագահ Նազարբաևի հայտարարությանը, ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Տաճատ Վարդապետյանը:
<Դա ըստ էության տնտեսական համագործակցություն է և սահմանների ճշգրտման հետ որևէ կապ չունի, գուցե պարոն Նազարբաևը իր դավանակից կոլեգային՝ Ալիևին, չնեղացնելու համար ինչ-որ հայտարարություն է անում, սակայն գրեթե անհնար է Հայաստանի և Ղարաբաղի միջև մաքսային կետի ստեղծումը>,-ասաց պատգամավորը:
Նրա կարծիքով՝ մեր պետության ղեկավարի քաղաքական հեռատեսությունը ազգի համար նպաստավոր պայմաններ կստեղծի:<Այս դեպքում պետք է համեմատություն անցկացնել. և ինչպես Ռուսաստանը Ղրիմի հետ կհամագործակցի, նույն տարբերակով էլ մենք Ղարաբաղի հետ միասին պետք է համագործակցենք մաքսային միության հետ>,-ասաց նա:
Ինչ վերաբերում է այս ֆոնի վրա հնարավոր ներքաղաքական զարգացումներին, հնարավոր բողոքի ալիքներին, պարոն Վարդապետյանն ասաց.<Ես կարծում եմ, որ կարիք չկա ավելորդ աժիոտաժ ստեղծելուն և ջղաձիգ հայտարարություններ անելուն: Այս գործընթացը բնականոն ընթացք ունի, չեմ կարծում, որ Ղարաբաղի խնդրի նկատմամբ գտնվի ավելի մտահոգ մարդ, քանի ՀՀ նախագահն է>:
Լիանա Առաքելյան
