Եթե ցանկանայի սպանել, գոտկատեղից ներքև չէի կրակի. բանդայի գործով ամբաստանյալ
pastinfo.am-ը գրում է.Բանդիտիզմի, սպանության, ավազակության, հափշտակությունների գործով այսօրվա դատական նիստում գործով ամբաստանյալ Կարեն Վարդանյանը պատասխանեց միայն մեղադրանքի հետ կապված դիրքորոշմանն առնչվող հարցերին:
Նա նշեց, որ ինքը չի ցանկացել սպանել տարադրամի փոխանակման կետի աշխատակցին, եթե ցանկանար սպանել, գոտկատեղից ներքև չէր կրակի: Ըստ նրա, ինքը երկու անգամ է կրակել, ընդ որում, երկրորդ անգամ տուժողը իր ձեռքից քաշել է, դրա համար էլ «կրակվել է»:
Նա ընդունեց, որ իր կողմից ավազակային հարձակում եղել է, ընդունեց նաև մեղադրական եզրակացության մեջ նշված հափշտակված գումարի չափը: Ամբաստանյալը, սակայն, նորից միանշանակ հայտարարեց, որ ավազակային հարձակման հետ ամբաստանյալներ Ռաֆայել Հարոյանն ու Հայկ Կոջոյանը առնչություն չունեն:
Ամբաստանյալն անցյալ դատական նիստում հերքել էր ավազակային հարձակմանը հիշյալ երկու ամբաստանյալների մասնակցությունը՝ հայտարարելով, որ ավազակային հարձակման գնացել է քննությամբ չպարզված ոմն Վահանի հետ: Այս հայտարարության կապակցությամբ պետք է քննություն կատարվի: Մինչ այդ հարցի լուծումը ամբաստանյալը նպատակահարմար չգտավ այսօր պատասխանել դատավարության կողմերի հարցերին:
Այսօր դատարանում հրապարակվեցին ամբաստանյալ Ռաֆայել Հարոյանի կնոջ նախաքննական ցուցմունքները, քանի որ սպառվել էին նրա ներկայությունը դատարանում ապահովելու բոլոր հնարավորությունները:
Վկան նախաքննության ընթացքում հայտնել էր, որ բանկի գործառնական վարչության հաճախորդների սպասարկման բաժնի մասնագետ, գործով ամբաստանյալ Էդիտայի խնդրանքով իր անունով արտասահմանից երեք անգամ գումարներ են փոխանցվել՝ ընդհանուր առմամբ 70 հազար ԱՄՆ դոլար, փոխանցումներից մեկը եղել է 50 հազար դոլարի չափով: Սակայն վկայի լրացուցիչ հարցաքննության մեջ փոխվել էր փոխանցումների քանակն ու գումարի չափը՝ վկան ճշտել էր, որ վեց անգամ են իր անունով փոխանցումներ կատարվել՝ փոխանցվել է ընդհանուր առմամբ 92 900 դոլար և 4 մլն դրամ:
մանրամասները՝ սկզբնաղբյուրում: