Եթե Ծառուկյանն իսկապես մի մատնաչափ հայրենասիրություն ունի...Հրապարակ
«Մուլտի գրանդ» նորակառույց հյուրանոցում այսօր տեղի է ունենալու Գագիկ Ծառուկյանի հրավիրած խորհրդաժողովը, որը չունի հստակ օրակարգ, սակայն նպատակը մեկն է՝ ձեւավորել ընդդիմադիր բեւեռ ու ԲՀԿ ղեկավարին հռչակել բեւեռի առաջնորդ: Լեւոն Տեր-Պետրոսյանը կամ ՀԱԿ-ը որեւէ առանցքային գործիչ այդ միջոցառմանը չի ուղարկելու, ամենայն հավանականությամբ՝ բացակա կլինի նաեւ Րաֆֆի Հովհաննիսյանը, թեեւ «Ժառանգությունը» ներկա կլինի խորհրդաժողովում: Տեղեկություն կա, որ ընդդիմության լիդերությունը նվաճելու «միջոցառումների շրջանակում» խորհրդաժողովից հետո՝ օրը դեռ հայտնի չէ, Գագիկ Ծառուկյանը հանդիպելու է Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ՝ նրանց ներկայացնելով ժողովի առաջարկների հիման վրա ձեւավորված փաթեթը: Արդյոք եռյակի ղեկավարների քննարկումների արդյունքում համատեղ որոշումներ կկայացվե՞ն, այդ թվում հանրահավաքների անցկացման եւ հետագա անելիքների վերաբերյալ, երեկ որեւէ ճամբարից դժվարանում էին այս հարցի պատասխանը տալ: Ծառուկյանի նախագահական եւ ընդդիմության լիդերության մասին հավակնություններին քաղաքական գործիչ Երջանիկ Աբգարյանն արձագանքեց. «Ծառուկյանը քաղաքականությունից շատ հեռու մարդ է եւ բացարձակապես չի տիրապետում այն գիտելիքներին, առանց որոնց անհնար է պաշտպանել հայ ժողովրդի ազգային եւ պետական շահերը: Եթե Ծառուկյանն իսկապես մի մատնաչափ հայրենասիրություն ունի, մեր ժողովրդին պետք է փրկի իր նախագահ դառնալու վտանգից: Նորմալ երկրում եթե բիզնեսն ուզում է որոշակի ազդեցություն ունենալ իշխանության մեջ, նա իր թեկնածուն աշխատում է ընտրել առկա քաղաքական ուժերի գործիչներից: Իմ բարի խորհուրդն է՝ ծիծաղելի դրության մեջ չդնել ո՛չ Հայաստանին եւ ո՛չ էլ ինքն իրեն»:
