Եթե դու «որոշ բացառությունների» կողմնակից ես, ապա դու այլ արժեքների կրող ես. Առավոտ (խմբագրական)
«Կիրակի օրը Ֆրանսիայում ու եվրոպական մի շարք այլ երկրներում տեղի են ունեցել բազմամարդ ցույցեր՝ «հանուն համամարդկային արժեքների»: Իսկ կա՞ն արդյոք այդպիսիք: Արժեքներ, որոնք միավորում են մահմեդականներին և քրիստոնյաներին, Մոցարտի և Թաթուլի երկրպագուներին, Չեխովին և նորածին երեխայի վրա սվին-դանակով հարձակվողին: Ինձ թվում է, որ այդպիսի արժեքներ չկան: Ամեն մի մշակույթ ունի իր արժեքները, որոնք կարող են համանման լինել տարբեր կրոնների ու ազգերի մոտ և խիստ տարբերվել միևնույն կրոնի ու ազգի ներսում:
Ինձ թվում է՝ «համընդհանրությանը» հավակնող արժեքների փոխարեն շատ ավելի կարևոր է քո ընտրած արժեքային համակարգում լինել հետևողական: Դա «հովանոց ընտրելուց» շատ ավելի բարդ է՝ կարող ես դառնալ բազմաթիվ հարձակումների թիրախ: Օրինակ՝ եթե դու դեմ ես մահապատժին կամ Լինչի դատաստանին, ապա պետք է դեմ լինես դրան բոլոր դեպքերում՝ նույնիսկ ամենազարհուրելի հանցագործության պարագայում, անգամ այնպիսի ոճրագործության, որի մասին մենք այս օրերին խոսում ենք: Եթե դու դեմ ես հեղափոխությանը կամ հեղաշրջմանը, ապա որևէ բացառություն չպիտի անես, անգամ այն դեպքում, եթե դրանով հագուրդ է տրվելու քո կրքերին և բնազդներին, կամ շահելու է քո թիմը: Եթե դու կողմ ես խոսքի ազատությանը, ապա պետք է պատրաստ լինես, որ ծաղրելու են և փնովելու են նաև քեզ և այն, ինչին դու ես հավատում:
Եթե դու «որոշ բացառությունների» կողմնակից ես, ապա դու այլ արժեքների կրող ես: Դրանք նույնպես «համամարդկային» չեն: Դրանք անհատապես քոնն են»,–գրում է թերթի խմբագիրը։
Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։
