Եթե Հայաստանին չզիջեն, ՀԱՊԿ-ը կփլվի. Լևոն Շիրինյանը՝ կառույցի գլխավոր քարտուղարի ընտրության մասին
Խորհրդարանական ընտրություններին մասնակցող «Քրիստոնեա-դեմոկրատական վերածնունդ» կուսակցության ցուցակի 1-ին համար Լևոն Շիրինյանի խոսքով՝ միանգամայն ճիշտ է, որ Հայաստանը պնդում է, որ իր թեկնածուն ընտրվի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում: Tert.am-ի հետ զրույցում նա նշեց, որ ՀՀ-ի տեսակետը համահունչ է ՀԱՊԿ-ի կանոնադրությանը և միջազգային օրենսդրությանը: «Դա բոյարների ժողով չէ: Մենք կգնանք այդ ճանապարհով. եթե մենք հաստատակամ մնանք, իրենք զիջելու են: Եթե չզիջեն, ՀԱՊԿ-ը կփլվի»,- ասաց նա: Դիտարկմանը, թե արդյոք ճիշտ է, որ Հայաստանը դառնա ՀԱՊԿ-ի փլուզման պատճառ, Լևոն Շիրինյանն արձագանքեց. «Մեր շահերն են այդ կառույցում ամենաշատը ոտնահարվում»: Հետո նա նշեց, որ ամեն դեպքում մենք պետք է Ռուսաստանի հետ հարաբերությունները կարևորենք, չպետք է այն դիտենք բացառապես ՀԱՊԿ-ի շրջանակներում: «Մեզ համար երկկողմ հարաբերություններն ավելի կարևոր են, քան ՀԱՊԿ-ը: Եթե փլուզվի ՀԱՊԿ-ը, «հերն էլ անիծած», ինչի՞ մասին է խոսքը: Մեր շահերն են այնտեղ ոտնահարվում: Հիշենք ապրիլյան պատերազմից առաջ մեր սահմանամերձ բնակավայրերի վիճակը և այլն: Ես առաջարկում եմ կարծր որոշում ունենալ, որը բացառապես Հայաստանի իրավունքից և շահերից է բխում»,- ասաց նա: Լևոն Շիրինյանի խոսքով՝ մեր կարծիքը պնդելու դեպքում Հայաստանի անկախությունը կամրապնդվի: «Հակառակ դեպքում մեր շահերը նորից կոտնահարվեն,- ասաց նա՝ նկատելով, որ ՀԱՊԿ-ը իրականում կապում է անդամ երկրների և նաև մեր ձեռք ու ոտքը, ինքն է դարձել «մուտիլովկայի որջ»,- ես ուզում եմ մեր սփյուռքյան լոբբիստական կառույցներին դիմել՝ Վաշինգտոն, Բրյուսել և այլն, նրանք պետք է աշխարհին ներկայացնեն Հայաստանի տեսակետը: Դա խիստ օրինական է, բացառապես մեր պետության շահերից է բխում և պրոգրեսիվ է»: Ըստ Շիրինյանի՝ Նիկոլ Փաշինյանը ճիշտ արեց՝ նշելով, որ պարզաբանումներ է պահանջելու Բելառուսից և Ղազախստանից: «ՀԱՊԿ-ի միջոցով Բելառուսը երբեմն Ադրբեջանից ստանում է նավթ և ռազմական պատվերներ: Դրանք մեր հաշվին են լինում: Ղազախստանը ինչների՞ս է պետք: Իսկ երկկողմանի համագործակցության դեպքում մենք կներկայացնենք մեր շահերը: Իսկ թե ՀԱՊԿ-ը կփլուզվիվի, թե ոչ, Պուտինի խնդիրն է, ինքն է բոյարներին հավաքել իր շուրջը: Եվ այստեղ կերևա մի ուրիշ բան, որ Աստվածաշնչյան Հայաստանը համաշխարհային քաղաքակրթության մաս եղել և մնում է»,- ասաց նա
