«Եթե Նազարբաեւը երազում է, որ ՀՀ եւ ԼՂՀ սահմանագծին մաքսակետ տեղակայվի, ապա չարաչար սխալվում է»
Մայիսի 29-ին` Աստանայում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստի ժամանակ, Ղազախստանի նախագահ Նորսուլթան Նազարբաեւը հայտարարել է, որ Հայաստանը կարող է միանալ այդ միությանը այն սահմանների շրջանակներում, որոնցով մտել էր ԱՀԿ (Առեւտրի համաշխարհային կազմակերպություն): Ի՞նչ է ուզում Նազարբաեւն այս հայտարարությամբ հասկացնել, թեմայի շուրջ «Ասպարեզը» զրուցել է քաղաքագետ Գագիկ Համբարյանի հետ:
«Ոչ միան Ղազախստանի նախագահը, այլեւ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, մի ժամանակ առաջ, եւս այդպիսի մեսիջներ ուղարկեց մեզ, որ նրանք չեն կարող համաձայնել` Լեռնային Ղարաբաղն էլ դառնա Մաքսային միության մաս: Թե ի ՞նչ կա այդ ամենի տակ թաքնված, ինչպե՞ս են իրենք հասկանում, որ ԼՂ-ն Մաքսային միության մաս է, սա է հետաքրքիր իմանալ»,-պարզաբանեց քաղաքագետը:
Քաղաքագետի խոսքով` մայիսի 29-ին Նազարբաեւը չպարզաբանեց, թե ինքն ի՞նչ նկատի ունի, ասելով, որ Հայաստանին պետք է ընդունեն այն սահմաններով, որով ինքը դարձել է ՄԱԿ-ի անդամ երկիր: «Շատ ճիշտ է` Հայաստանը ՄԱԿ-ի անդամ երկիր է դարձել իր 30 հազար ք.կմ տարածքով, ԼՂՀ-ն այլ երկիր է եւ Հայաստանի մաս չի կազմում: Նազարբաեւը լիովին արտաբերում է ադրբեջանական իշխանությունների այն տեսակետը, որ ԼՂ-ն Հայաստանի կողմից օկուպացված է: Դա աբսուրդ է: Հայերը, ովքեր կազմել են ԼՂ բնակչության 75 տոկոսը եւ որտեղ իրենք ապրում են, չէին կարող այն օկուպացնել»:
Ըստ քաղաքագետի` լավ կլինի, որ Ղազախստանի նախագահն ինքն ասի, թե այդ հայտարարությամբ ինչ է ուզում ասել: «Եթե ինքը երազում է, որ Հայաստանի հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի սահմանագծին պետք է մաքսակետ տեղակայվի, ապա չարաչար սխալվում է: Մենք մեր սեփական շահերն ու տեսակետներն ունենք եւ նույնիսկ մեր ստրատեգիական գործընկեր ՌԴ-ի մեծ ցանկությունը կատարելու` Եվրասիական միության անդամ դառնալու համար, Հայաստանն այս հարցում զիջումների չպետք է գնա: Գտնում եմ, որ Ղազախստանն ու Բելառուսն Ադրբեջանի դիմաց իրենց վրա շատ մեծ պարտականություններ են վերցրել, որպեսզի խանգարեն Հայաստանին`դառնալ Եվրասիական միության անդամ: Եթե ՌԴ-ն այդքան շատ է ցանկանում, որ ՀՀ-ն դառնա Մաքսային միության անդամ, ուրեմն այդ հարցի լուծումը պետք է փոխանցեն Մոսկվային, որպեսզի Աստանայի եւ Մոսկվայի միջեւ այս հարցը կարգավորվի»:
Շարունակությունը` սկզբնաղբյուրում:
