Եթե ռեալ պատասխան չստանանք, կգնանք ծայրահեղ քայլերի
«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում հացադուլ հայտարարած 35 ցմահ դատապարտյալներից 3-ը երեկ հրաժարվել են հացադուլից: Այս մասին, Fnews.am-ին տեղեկացրեց Արդարադատության նախարարության ՔԿՎ հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը:
Ղլեչյանը նշեց, որ հացադուլ հայտարարած ցմահ ազատազրկված դատապարտյալները դիմում են ներկայացրել, որով հրաժարվել են նաև զբոսանքից:
Ցմահ դատապարտյալ Արթուր Մկրտչյանի հարազատները տարիներ շարունակ արդարություն են փնտրում:
Նրանք պատրաստ են համապատասխան քայլերով միանալ Արթուրի հացադուլին, սակայն երբեք չեն հավատում Արթուրի մեղավորությանը և շարունակում են սատարել նրան:
Արթուր Քոչարյանը դատապարտվել է 18 տարեկան հասակում զինվորական ծառայության ժամանակ՝ համածառայակցին սպանելու մեղադրանքով:Նրանք երկուշաբթի նորից հավաքվելու են.«Եթե ռեալ պատասխան չստանանք՝ կգնանք ծայրահեղ քայլերի, ոնց կարող է ծնողը իր երեխայի վիճակը տեսնի ու հանգիստ նստի»,-ասաց ցմահ դատապարտյալի մայրը:
Հիշեցնենք, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում 28 ցմահ դատապարտյալներ կրկին անժամկետ հացադուլ են հայտարարել: Հացադուլ հայտարարած ցմահ դատապարտյալների թիվը դեկտեմբերի 18-ի դրությամբ կազմել էր 35 հոգի: Նշենք, որ դեռ հոկտեմբերից ցմահ դատապարտյալները պահանջում են վերանայել իրենց գործերը: Հիշեցնենք նաեւ, որ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում հացադուլ հայտարարած ցմահ դատապարտյալներն իրենց գործերը վերանայելու պահանջով ավելի վաղ բաց նամակ էին հղել Սերժ Սարգսյանին, Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին և Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին: