Եթե ուզում ես իշխանության գալ, ճիշտ ճանապարհը կոալիցիա մտնելն է. Ահարոն Ադիբեկյան
Եթե խորհրդարանի մաս կազմող որևէ կուսակցություն դեմ է գործող իշխանությանը, ապա այն դեմ է ինքն իրեն, որովհետև ինքը ևս իշխանության մեջ է: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը: Վերջինս ընդգծեց, որ ներկայիս ոչ իշխանական եռյակը պետք է պայքարի միայն գործադիր իշխանության մեջ փոփոխություն մտցնելու համար:
«Եթե ընդդիմությունը ուզում է գալ գործադիր իշխանություն, ապա պետք է ասի, թե ինչն է թերի, որոնք են լուծումները, պետք է ասեն, որ սա փակուղային ճանապարհ է, պետք է գնալ այս ճանապարհով: Իմ կարծիքով, եթե ուզում ես իշխանության գալ, ճիշտ ճանապարհը կոալիցիա մտնելն է՝ մտի՛ր կոալիցիա, փոխի՛ր իշխանությունը»,-ասաց նա:
Ահարոն Ադիբեկյանը նաև նշեց, որ դեռևս նշմարելի չեն հաջորդ նախագահական ընտրությունների թեկնածուները:
«Առաջնորդ չունենք, իշխանության մեջ դեռևս Սերժ Սարգսյանից բացի մարդ չի երևում, ընդդիմության մեջ էլ չի առանձնանում որևէ մեկը: Լևոն Տեր-Պետրոսյանի վարկանիշը հասել է 2%-ի, դրա համար էլ համագործակցում է ԲՀԿ-ի հետ, որ գոնե խորհրդարանական ընտրություններին 5%-ի շեմը կարողանա հաղթահարել: ԲՀԿ-ի վարկանիշն էլ ավելի բարձր էր, երբ կոալիցիայի մեջ էր, նույնը ՀՅԴ-ինը, այսօր բոլորի վարկանիշն էլ ընկել է»,-ասաց նա:
