ԵՏՄ անդամակցության համար` 752 ապրանքի մաքսային արտոնություն
Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանը միակ երկիրն է, որը կարողացել է 752 ապրանքատեսակների համար արտոնություններ ստանալ: Այս մասին այսօր` նոյեմբերի 26-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանը:
«Մաքսային միությունում մաքսատուրքը 8.9% է, իսկ Հայաստանում` 2.3%: Սա նշանակում է, որ միջին ներմուծվող ապրանքները կթանկանային միանգամից 5%-ով, սակայն մեր ջանադիր աշխատանքի շնորհիվ` մենք հասանք զգալի արդյունքների: Որևէ այլ երկիր այսպիսի մեծ ծավալի ապրանքների համար արտնություն չի ստացել»,- ասաց պատգամավորը:
Գագիկ Մինասյանի խոսքով` առաջիկա հինգ տարիների համար մենք ստացել են բացառություններ, իսկ դրանից հետո սպասվում է արդեն, որ միջանկյալ ցուցանիշ կունենանք:
Լրագրողների հարցին, թե այնուամենայնիվ, ԵՏՄ-ն ինչ բացասական կողմ ունի, ՀՀԿ-ական պատգամավորն այդպես էլ հստակ չպատասխանեց` նորից անդրադառնալով մաքսատուրքերին:
«Ամեն դեպքում և Ղազախստանը, և Բելառուսը բազմիցս են հայտարարել, որ եթե այս միության բացասական կողմերը շատ լինեն, ապա նրանք դուրս կգան: ԵՏՄ-ին անդամակցելու համար կոմպոնենտներ հարկավոր են, սակայն դուրս գալու համար պետք է դիմում գրել, և 12 ամիս անց դու այլևս այս միության անդամ չես»,- ավելացրեց Գագիկ Մինասյանը:
