Եվս մեկ ձերբակալված. նրան նույնպես կասկածում են զանգվածային անկարգություններին մասնակցելու մեջ
Հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, 2251-րդ հոդվածի 1-ին մասով քննվող քրեական գործի շրջանակում ձերբակալվել է զանգվածային անկարգություններին և անօրինական հավաքներին ակտիվորեն մասնակցած ևս մեկ անձ` Ա.Մ.-ն: Ոստիկանները խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերել են 17 մետաղյա ձողեր և 3 փայտե մահակներ:
Ա.Մ.-ն հայտնել է, որ նշված մետաղյա ձողերն ու փայտե մահակները ինքն է հավաքել Բաղրամյան պողոտայի հարակից տարածքներից՝ ոստիկանների հետ ընդհարումից պաշտպանվելու համար:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունն արդեն տեղեկացրել է, որ համաձայն վերը նշված քրեական գործի նյութերի` 2018թ.-ի ապրիլի 14-ին ժամը 15:00-ին ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն օրենքով սահմանված կարգի խախտմամբ կազմակերպված հավաքի մասնակիցների հետ, խախտելով Երևան քաղաքի Ալեք Մանուկյան փողոցի 5 հասցեում գտնվող Հայաստանի հանրային ռադիո ՓԲԸ-ի վարչական շենք մուտք գործելու հատուկ անցագրային ռեժիմը, ապօրինի մուտք են գործել հիշյալ շենք, ապա՝ հարձակվել ու հաղթահարել են շենքի պահպանությունն իրականացնող ոստիկանության ծառայողների դիմադրությունը: Այնուհետև անօրինական հավաքի մասնակիցները, շարունակելով չենթարկվել ոստիկանության ծառայողների և հանրային ռադիոյի աշխատակիցների օրինական պահանջներին, կոտրել են եթերային ստուդիա տանող մուտքի դուռը, մտել ուղիղ եթերի տաղավար՝ պահանջելով ուղիղ եթերի տրամադրում, ինչի հետևանքով տևական ժամանակով խախտվել է հանրային ռադիոյի բնականոն աշխատանքը, վտանգվել հասարակական անվտանգությունը:
Նախաքննությունը շարունակվում է: