FAF-ն իր մասնաճյուղն է հիմնում Արցախում
Հայաստանի ֆան-շարժման անդամները հայտարարություն են տարածել, որում ասված է. «Արդեն 6 տարուց ավել է, ինչ Առաջին հայկական ճակատը (FAF) հայ ֆուտբոլիստի կողքին է: FAF-ը Հայաստանում ներդրել է երկրպագման արվեստ ու այդ արվեստի հետ մեկտեղել է հայրենասիրությունը: Այժմ FAF-ն իր մասնաճյուղն է հիմնում նաև Արցախում: Այսուհետ Արցախաբնակ երկրպագուն հնարավորություն կունենա մասնակցել Հայաստանի ազգային հավաքականի արտագնա և տանը անցկացվող հանդիպումներին, տարատեսակ միջոցառումների և ակցիաների, խաղերի ժամանակ մասնակցել համատեղ դիտումներին Արցախում, ինչպես նաև զեղչված գներով ձեռք բերել ֆուտբոլային ատրիբուտներ` շարֆեր, գլխարկներ: Այս նպատակով FAF ղեկավար խորհուրդը սույն թվականի հոկտեմբերի 4-5-ը կլինի Արցախում, որտեղ կանցկացվեն մի շարք միջոցառումներ: Բոլոր արցախաբնակ ֆուտբոլասերներին հոկտեմբերի 5-ին, ժամը 16:00-ին կոչ ենք անում ներկա գտնվել Ստեփանակերտի Ստեփան Շահումյանի անվան կենտրոնական մարզադաշտի հավաքին, որտեղ Երևանից ժամանած FAF անդամները կներկայացնեն մանրամասներ FAF-ի գործունեության և Արցախում FAF-ի մասնաճյուղի բացման հետ կապված, որից հետո տեղի կունենա անդամագրություն և երկրպագման փորձ: Արդեն հոկտեմբերի 10-ին առաջին 50 արցախաբնակ FAF անդամները ավտոբուսով կժամանեն Երևան և կմասնակցեն հոկտեմբերի 11-ի երկրպագուների միասնական երթին դեպի մարզադաշտ և FAF-ի սեկցիայից կաջակցեն Հայաստանի ազգային հավաքականին մրցաշրջանի տնային վերջին` Հայաստան-Բուլղարիա կարևորագույն խաղում, իսկ խաղից անմիջապես հետո երկրպագուների խումբը կվերադառնա Արցախ»: