Ֆինանսների նախարարը ամփոփել է 2014-ի արդյունքը
Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը դեկտեմբերի 29-ին ամփոփել է տարվա ընթացքում նախարարության կատարած աշխատանքը՝ անդրադառնալով նաև 2014-ի մակրոտնտեսական, ֆինանսավարկային և հարկաբյուջետային ցուցանիշներին:
Անդրադառնալով մակրոտնտեսական ցուցանիշներին` նախարարը նշել է, որ համախառն ներքին արդյունքն իրական արտահայտությամբ 2014 թվականի հունվար-սեպտեմբերին աճել է 3.9 տոկոսով, որը գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը 1.1 տոկոսային կետով:
ՀՆԱ-ի աճը հիմնականում պայմանավորված է եղել գյուղատնտեսության և ծառայությունների` համապատասխանաբար 7.5 և 5.4 տոկոս աճով:Արդյունաբերության ճյուղը համեստ՝ 0.2 տոկոս աճի ցուցանիշ է արձանագրել, իսկ շինարարության ճյուղը բացասական է նպաստել ՀՆԱ-ի աճին՝ նվազելով 3.1 տոկոսով:
2014 թվականի հունվար-նոյեմբերին միջին անվանական աշխատավարձն աճել է 8.0%-ով` կազմելով 167 215 դրամ, որը 2.2 տոկոսային կետով գերազանցել է նախորդ տարվա աճի տեմպը, ընդ որում, պետական եւ ոչ պետական հատվածներում աշխատավարձներն աճել են համապատասխանաբար` 8.1 և 7.7 տոկոսով:
