«Ֆրանսիան Ձեր կողքին է»․ Մակրոնը նամակ է հղել Նիկոլ Փաշինյանին
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը զորակցության նամակ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Նամակում նշված է. «Պարոն վարչապետ, թանկագին Նիկոլ, տեղեկացա վերջերս կորոնավիրուսով Ձեր ապաքինման մասին և ուրախ եմ, որ Դուք և Ձեր ընտանիքն առողջ եք: Այսօր Ֆրանսիայի, ինչպես նաև Հայաստանի առջև առողջապահական, տնտեսական և սոցիալական առումով ծառացել են խոշոր մարտահրավերներ: Ճգնաժամը չպետք է մեզ ստիպի ընկրկել: Ընդհակառակը, համավարակը պետք է համագործակցության եզակի առիթ հանդիսանա՝ պայքարելու համաճարակի և դրա հետևանքների դեմ: Այս ոգով էլ ցանկանում եմ հավաստիացնել Ձեզ Ֆրանսիայի համերաշխության և Հայաստանին կոնկրետ աջակցություն ցուցաբերելու վերջինիս պատրաստակամության մեջ: Միաժամանակ և՛ Եվրոմիության աննախադեպ ֆինանսական օժանդակության մեջ ունեցած ներդրմամբ, և՛ երկկողմ աջակցությամբ Ֆրանսիան Ձեր կողքին է: Առաջիկա օրերին Ֆրանսիան կրկին Հայաստան կգործուղի կամավորական բժիշկների նոր թիմ, որը փոխարինման կգա արդեն իսկ ներկաներին, ովքեր իրենց հայ գործընկերներին օգնում են Covid-19-ի դեմ մղվող պայքարում: Այս ճգնաժամը նաև մարտահրավեր է մեր երկու երկրների տնտեսության համար: Հայաստանում արդեն գործող Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) շնորհիվ Ֆրանսիան պատրաստ է դիտարկել 50-80 միլիոն եվրո գնահատվող պետական քաղաքականության վարկի տրամադրումը, ինչը հնարավորություն կընձեռի մասամբ հոգալ բյուջետային ֆինանսավորման լրացուցիչ կարիքները, որոնց Ձեր երկիրը դիմագրավում է այս տարի: ԶՖԳ այս ծրագիրը, որը նպատակ ունի ամրապնդել ճգնաժամերին դիմագրավելու երկրի կարողությունները, կիրականացվի այլ վարկատու կազմակերպությունների հետ համատեղ, ինչպիսին, օրինակ, Համաշխարհային բանկն է: Շեշտը կարող է դրվել առողջապահության և սոցիալական պաշտպանության ոլորտների, ինչպես նաև կլիմայական փոփոխությունների հետևանքների սահմանափակմանն ուղղված գործողությունների վրա: Հույս հայտնելով, որ մեր համերաշխության և բարեկամության կապերն ամրապնդված դուրս կգան այս փորձությունից՝ հաճեցեք ընդունել, պարոն վարչապետ, հարգանացս հավաստիքը»: |