Գագիկ Բեգլարյանն ընդունել է «Կենսական նշանակության ճանապարհների բարելավման» ծրագրի նոր ղեկավարին
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանն այսօր հանդիպել է Համաշխարհային բանկի (ՀԲ) ներկայացուցիչներին՝ «Կենսական նշանակության ճանապարհների բարելավման» ծրագրի ղեկավար Վիքրամ Քութարիի գլխավորությամբ: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայության հաղորդագրության մեջ ասվում է. «Հանդիպման ընթացքում քննարկվել են ավարտվող ծրագրի արդյունքները, ինչպես նաև նոր ծրագրի ընթացքը: Կենսական նշանակության ճանապարհների բարելավման ծրագիրը մեկնարկել է 2009թ-ին և ավարտվում է տարեվերջին: Ծրագրով նախատեսված 430 կմ ճանապարհների վերականգնման փոխարեն տնտեսումների հաշվին այդ թիվը հասցվել է 447կմ-ի: Գագիկ Բեգլարյանը կարևորել է ծրագրի իրականացման ընթացքը՝ նշելով, որ ծրագրի շնորհիվ այսօր ունենք վերանորոգված մեծաթիվ գյուղական ճանապարհներ: Հանդիպման ընթացքում Վիքրամ Քութարին նախարարին է ներկայացրել ծրագրի նոր ղեկավարին՝ Քառոլինա Մոնսալվեին: Նախարարը շնորհակալություն է հայտնել Վիքրամ Քութարիին արդյունավետ աշխատանքի համար՝ հույս հայտնելով, որ այն շարունակական կլինի նաև նոր ղեկավարի պաշտոնավարման ընթացքում»:
