«ժամանակակից կործանիչներ ե՞ն աշխատել Հրազդան քաղաքում».FOTO, VIDEO
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, ազատամարտիկ Սասուն Միքայելյանը մտադիր է իր թեկնածությունն առաջադրել ապրիլի 17-ին Հրազդանում կայանալիք քաղաքապետի ընտրություններին: Ի դեպ, Միքայելյանը, արդեն իսկ հասցրել է հայտարարել, որ Հրազդանի քաղաքապետ ընտրվելուց հետո առաջին գործը, որին ինքը ձեռնամուխ է լինելու, քաղաքի վերելակների վերանորոգման և մանկապարտեզների գործարկման հարցերն են լինելու:
«Ամբողջ քաղաքում միայն խնդիրներ են, խնդիրներից բացի ոչ մի բան չկա»,- ասել է ազատամարտիկը:
Իսկ իշխանական «դաբրոն» ստացած քաղաքապետի թեկնածու, կարկառուն ՀՀԿ-ական Արամ Դանիելյանն էլ, ով 14 տարի շարունակ ղեկավարել է Հրազդան քաղաքը, գլխանց հայտարարել է, որ ինքն այս անգամ էլ կհաղթի, քանի որ հասցրել է շոշափել ժողովրդի տրամադրությունները՝ իր քաղաքապետ առաջադրվելու կապակցությամբ: Ավելին, Դանիելյանը նույնիսկ հայտարարություններ է արել՝ քաղաքում մեծ ծավալի ասֆալտապատման աշխատանքներ իրականացնելու ու քաղաքաշինական լուրջ ծրագրեր իրագործելու առնչությամբ, ասելով որ իր ղեկավարման 14 երկար ու ձիգ տարիների ընթացքում քաղաքաշինությունը համարվել է քաղաքապետարանի առջեւ դրված կարեւորագույն խնդիրներից մեը:
Իսկ թե ինչքանո՞վ են ՀՀԿ-ական թեկնածուի բարձրագոչ հայտարարությունները համապատասխանում իրականությանը, եւ թե ի՞նչ տպավորություններով կարող ես հեռանալ այս քաղաքից ընդամենը մի փոքր էքսկուրս կատարելուց հետո, ապա առանց այս ու այն կողմ ընկնելու, պետք է նկատենք, որ իրավիճակը այստեղ խիստ ծայրահեղ է ու օրհասական:
Այնպիսի տպավորություն է, որ Հրազդան քաղաքում «կործանիչների կողմից հատուկ գործողություններ են իրականցվել, եւ քաղաքը մինչ օրս ռմբակոծություններից ուշքի չի եկել»: Այլ մեկնաբանությունները թողնում ենք ընթերցողներին: Հրազդան քաղաքում իրականացված ասֆալտապատման աշխատանքների հետքերը՝ Fnews.am-ի պատրաստած ֆոտոռեպորտաժում, եւ տեսանյութերում:
Իսկ թե հրազդանցիներն ի՞նչ սպասումներ ունեն Արամ Դանիելյանից, ու ազատամարտիկ Սասուն Միքայելյանից, ապա նրանց ունեցած ներկայիս ՎԱՐԿԱՆԻՇԸ կներկայացնենք մեր հաջորդ հրապարակման շրջանակներում: