Ժառանգություն խմբակցությունն այսօր կդիմի ԱԺ նախագահին, որպեսզի հրավիրի ԱԺ արտահերթ նիստ.
ԱԺ այսօրվա ճեպազրույցների ժամանակ Ժառանգություն խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանն ասաց, որ Ժառանգություն խմբակցությունն այսօր կդիմի ԱԺ նախագահին, որպեսզի հրավիրի ԱԺ արտահերթ նիստ: «Աարտահերթ նիստն անհրաժեշտ է, քանի որ պետք է մինչև ապրիլի 24-ը քվեարկության դրվի Ցեղասպանության 100-րդ տարելիցի վերաբերյալ հայտարարության նախագիծը: Այն երեկ խորհրդարանը սկսել էր քննարկել»: Ռուբիկ Հակոբյանն անդրադարձավ նաև ԱԺ-ում գազի հարցով հանձնաժողովի եզրակացությանը: «Եթե փորձենք ուշադիր ընթերցել այն, պետք է համապատասխան մարմիններ ուղարկել՝ Գլխավոր դատախազություն:Փաստաթղթում կան քրեական լուրջ փաստեր, կարելի է համապատասխան քննություն իրականացնել: Չի կարելի ուղղակի ի գիտություն ընդունել այդ փաստաթուղթը: Այս աշխատանքն անարդյունք թողնելը ճիշտ չէ, լավ կլինի, որ Ազգային ժողովն ինքը հետևողական լինի, որ լինեն արդյունքներ»,- ասաց նա:
