Գազալցակայանը, որտեղ պայթյուն է տեղի ունեցել, 6 ամիս առաջ տուգանվել է 1 մլն դրամով.Արմեն Երիցյան
Կառավարության այսօրվա նիստի ժամանակ,վարչապետ Հովիկ Աբրահամյանը անդրադարձավ երեկ ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանին պատկանող գազալցակայանում տեղի ունեցած պայթյունին` փորձելով ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանից ճշտել, թե ի՞նչ քայլեր են ձեռնարկում նման միջադեպերից խուսափելու համար:
Արմեն Երիցյանը իր խոսքում նշեց, որ իրենք հետևողական աշխատանքներ են տանում նման դեպքերից խուսափելու համար, այնուհետ տեղեկացրեց, որ 6 ամիս առաջ իրենք ստուգումներ էին արել տվյալ գազալցակայանում և խախտումներ հայտնաբերելով` տուգանել էին:
«Գազալցակայանը, որտեղ պայթյուն է տեղի ունեցել, 6 ամիս առաջ տուգանվել է 1 մլն դրամով, և հայտնաբերվել են բազմաթիվ թերություններ, որոնք ընկերությունը պետք է վերացներ, սակայն չի արել։ Ես երեկ հանձնարարել եմ, որ բոլոր գազալցակայանների հետ տարվող աշխատանքները ակտիվացնեն, որ ես Ձեզ ներկայացնեմ՝ ինչ իրավիճակ է այնտեղ, բոլոր թերությունները Ձեզ անձամբ կզեկուցեմ, եթե կարիքը լինի դրանց շահագործումները կդադարեցնենք»,- ասաց Երիցյանը:
Ն. Ադամյան
