Գազայի հատվածին Իսրայելի հարվածների հետևանքով զոհվածների թիվը հասել է 69-ի
Եվս երկու պաղեստինցի է զոհվել Գազայի հատվածին իսրայելական բանակի հարվածների հետևանքով: Ըստ Պաղեստինի առողջապահական համակարգի աղբյուրների՝ Շեյխ Զայիդ քաղաքում ավերված տների փլատակների տակ հայտնաբերվել են ևս երկու պաղեստինցու մարմիններ:
Այսպիսով՝ անկլավ Գազայի հատվածի վրա Իսրայելի հարձակումների արդյունքում զոհերի թիվը հասավ 69-ի, ավելի քան 400 մարդ էլ վիրավորվել է:
Հաղորդվում է, որ զոհերի թվում կան 17 անչափահաս և 7 կին:
Ավելի վաղ՝ մայիսի 10-ին, Գազայի հատվածում պաղեստինյան դիմադրության խմբերը պահանջում էին, որ իսրայելական ոստիկանությունը հեռանա տեղական ժամանակով ժամը 18: 00-ից Ալ Աքսա մզկիթի տարածքից և Շեյխ Ջերահ թաղամասից՝ գրավյալ Արևելյան Երուսաղեմում: Այն բանից հետո, երբ իսրայելական ոստիկանությունը հրաժարվեց կատարել այս պայմանը, պաղեստինյան խմբավորումները մեծ թվով հրթիռներ արձակեցին Իսրայելի ուղղությամբ: Դրանից հետո իսրայելական բանակը հայտարարեց Գազայի հատվածի դեմ ռազմական գործողություն սկսելու մասին, որը կոչվում է «Պատերի պաշտպան»: