Գեներալ «մառոզի» արշավանքները
Ձմռան կանխատեսումները չարդարացան: Մաքսային միություն աճապարողները ցնցված են: Նավթի համաշխարհային գների անկումը, մեղմ ասած, անսպասելի էր: Եվ այդ լուրը ստվերում է ամեն ինչ:
Հիմա Հայաստանում նավթի բորսայական գների մասին ավելի շատ են խոսում, քան, ասենք, փոխվարչապետության թեկնածուների կամ այդ պաշտոնին ձգտողների մասին: Նույնիսկ մեր էկոնոմիկայի նախարարի խրոխտ մեկնաբանություններն ուշադրության չարժանացան: Մամուլը տարածեց դրանք, իսկ քաղաքական ուժերը ձևացրին, որ չեն լսել նախարարի հնչեցրած մտքերը: Մինչդեռ հայտարարությունները հենց Մաքսային միության մասին են:
Ավելի ճիշտ` ՀՀ-ի և ԼՂՀ-ի սահմանին մաքսակետ տեղակայելու մասին: Էկոնոմիկայի նախարարը հասարակությանը «հանգստացրել» է` նշելով, որ ՄՄ-ի հետ ստորագրված պայմանագրում «Հայաստանի և Ղարաբաղի միջև մաքսակետ տեղադրելու մասին կետ չկա»: Մարդը ճիշտ է ասել: Պայմանագրում Հայաստանի` ո՛չ Թուրքիայի, ո՛չ Վրաստանի, ո՛չ Ադրբեջանի, ո՛չ ԼՂՀ-ի, ո՛չ էլ Իրանի հետ սահմանների մասին բառ անգամ չկա: Պայմանագրերն այդքան չեն մանրանում, որ ճշտեն, թե Իրանի հետ մեր ունեցած (կարծեմ 45 կիլոմետրանոց) սահմանին քանի մաքսակետ է դրվելու: Նախարարը ճիշտ է ասում՝ պայմանագրում պարզապես գրված է` «ՀՀ սահմաններ»: Ա՛յ հենց այդ սահմաններն էլ հետայսու պիտի մաքսակետերով պահպանենք` որպես Մաքսային միության սահմաններ: Եթե, իհարկե, գործերը պայմանագիրը ստորագրողների «սրտով գնան»: Հիմա վերադառնանք շաբաթվա հիմնական նորությանը, որ ստվերեց ամեն ինչ: Ստվերեց ու ահագին հարցականներ առաջադրեց:
Նավթի գինը նյույորքյան բորսայում կտրուկ ընկավ` 4,5 տոկոսով: Հիմա մեկ բարելի գինը մոտ 85 դոլար է: 2014թ. հունիսից հետո նավթի գինն ընկել է 20 տոկոսով: Սա բավական լուրջ խնդիր է նավթ արտահանող բազմաթիվ երկրների համար: 2014թ բյուջեում, օրինակ, Վենեսուելայում մեկ բարելը 120 դոլար հաշվարկով է: Անգոլան 98 դոլար է հաշվարկել, Ռուսաստանը` 96 դոլար: Նույնիսկ Սաուդյան Արաբիայի բյուջեում այսօրվա գինն է հաշվարկված` 85 դոլար: Այսինքն` համարյա բոլոր նավթ արտահանողները հսկայական կորուստներ են կրում: Նախկինում նման դեպքերում ՕՊԵԿ-ի անդամ երկրները սովորաբար կրճատում էին արտահանման ծավալները` փորձելով թույլ չտալ գների նման անկում:
Հիմա ինչ-որ բան փոխվել է: Սաուդյան Արաբիան փոխել է իր վերջին 30 տարվա քաղաքականությունը: Ոչ միայն արտահանումը չի կրճատում, այլև հայտարարել է, որ երկու տարի կդիմանա և ոչ մի քայլ չի ձեռնարկի, եթե գինը 80 դոլարից չնվազի:
