Գերման Ստերլիգով. Ադրբեջանը դե–յուրե ճանաչել է Ղարաբաղի անկախությունը
«Տասնյակ տարիների ընթացքում Լեռնային Ղարաբաղն անկախ պետություն չճանաչելուց հետո ադրբեջանական ղեկավարությանը հեշտ չէր հայտարարել, որ Լեռնային Ղարաբաղը «Ադրբեջանի տարածք չէ»։ Սակայն ամեն դեպքում՝ Իլհամ Ալիեւը գնաց այդ խիզախ քայլին, որը, վաղ թե ուշ, ամեն դեպքում անխուսափելի կլիներ», – այս մասին «Вконтакте» սոցցանցի իր էջում գրել է ռուս գործարար Գերման Ստերլիգովը։ Ըստ գործարարի՝ ընտրվել է առավելագույնս մեղմ, սակայն իրավաբանորեն անթերի ձեւ, որպեսզի Ադրբեջանը հրապարակայնորեն հրաժարվի Ղարաբաղը համարել Ադրբեջանի տարածք։ «Ադրբեջանի օրենսդրությամբ նախատեսվում է միջազգային հետախուզում եւ Ինտերպոլի միջոցով հետախուզում հայտարարել այն անձի նկատմամբ, որը հանցագործություն է կատարել Ադրբեջանի տարածքում եւ միայն այն դեպքում եթե «հանցագործը» գտնվում է «Ադրբեջանի տարածքից դուրս»» ։ Նա նշել է, որ Ադրբեջանը հայտարարել է, որ Գերման Ստերլիգովը գտնվում է Լեռնային Ղարաբաղի տարածքում եւ միաժամանակ պաշտոնապես նրա նկատմամբ միջազգային հետախուզում են հայտարարել եւ հետախուզման փաստաթղթեր են ներկայացրել Ինտերպոլի միջոցով։ «Այսպիսով` Ադրբեջանը հրապարակային կերպով, միջազգային մակարդակով ընդունել է, որ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի տարածք չէ» ։
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ
