Գերմանիայում բուժվող զինծառայողը սկսել է խոսել
Ապրիլյան ռազմական գործողությունների ժամանակ ողնաշարային ծանր վիրավորում ստացած և այժմ Գերմանիայում վերականգնողական բուժում ստացող Ռուբեն Առաքելյանը իրեն լավ է զգում, սկսել է խոսել, բայց մի քիչ կարոտում է Հայաստանը: Այդ մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց Ռուբենի Մորաքույրը՝ Նարինե Թումանյանը, որը իր խոսքով, ամեն օր շփման մեջ է նրանց հետ:
Ռուբենը գերմանական Բոնն մեկնել է մայրիկի՝ Անահիտի հետ: Այնտեղ Բոննի համալսարանական կլինիկայի հետ բուժում ստանալու եռամսյա պայմանագիր ունեն կնքած, բուժման արդեն 11-րդ օրն է, բայց ակնհայտ առաջընթաց, մորաքրոջ խոսքով, դեռ չկա:
«Լուրջ առանջընթաց չկա, նրա ուսագլխից ներքև ոչ շարժվում է և ոչ էլ զգում է, վերջույթները չի կարողանում աշխատեցնել, բայց օրինակ երեկ, իր հեռախոսով կարողացել է զանգել ինձ: Ասաց՝ ինքն է զանգել: Երեկ սայլակով հանել էին դուրս: Տրամադրությունը փոփոխական է՝ ուղղակի օտարության մեջ լավ չի զգում իրեն, կարոտում է Հայաստանը», -փոխանցեց մորաքույրը:
