Գևորգ Բաղդասարյանը հաստատեց. Ինչո՞ւ են դատախազները պաշտոնից ազատման դիմումներ ներկայացրել
ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանը պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել։
Տեղեկությունը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատել է Գևորգ Բաղդասարյանը։
«Իմ որոշումն է», - ասել է Գևորգ Բաղդասարյանը՝ զերծ մնալով պատճառների վերաբերյալ մեկնաբանություններից։
Նշենք, որ մամուլում վաղուց էին շրջանառվում տեղեկություններ, համաձայն որի՝ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի և Գևորգ Բաղդասարյանի հարաբերությունները բավականին լարված են և Աննա Վարդապետյանը վաղուց էր ցանկանում «ազատվել» ՀՀ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի կադրը համարվող Գևորգ Բաղդասարյանից։
Դավթյանի կադրերից համարվող Պետրոս Պետրոսյանը, որը զբաղեցնում էր Կոտայքի մարզի դատախազի պաշտոնը և, ըստ շրջանառվող լուրերի, Աննա Վարդապետյանի որոշմամբ՝ երեկ ազատվել է Կոտայքի դատախազի պաշտոնից և նշանակվել Դատախազության վարչություններից մեկի պետի տեղակալի պաշտոնում, ևս աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել։
«Փաստինֆո»-ն փորձել է մեկնաբանություն ստանալ նաև Պետրոս Պետրոսյանից, սակայն նրա հետ կապ հաստատել չի հաջողվել, ՀՀ գլխավոր դատախազությունից էլ «տեղյակ չեն» գլխավոր դատախազի տեղակալի և Կոտայքի մարզի դատախազի պաշտոնից ազատման դիմում ներկայացնելու մասին։
Ի դեպ, պաշտոնից ազատման դիմում ներկայացրել է նաև դատախազ Արսեն Մարտիրոսյանը, որը ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով մեղադրող դատախազն էր։ Փաստացի՝ պաշտոնից ազատման դիմումներ ներկայացրել են ՀՀ երկրորդ և երրորդ նախագահների գործերով ներգրավված դատախազները։