Գևորգ Կոստանյանի պատասխանը Աղվան Հովսեփյանին.
Ժողովուրդ օրաթերթը գրում է. «ՀՀ գլխավոր դատախազության՝ երեկ տարածած հաղորդագրության համաձայն՝ ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը նույն օրը Մարտի 1-ի զոհերի հարազատների հետ եւ նրանց ներկայությամբ ՀՀ գլխավոր դատախազության «Հատկապես կարեւոր գործերով քննության վարչությանը» հանձնարարել է ցուցում տալ ՀՀ հատուկ քննչական ծառայությանը, որպեսզի Մարտի 1-ի քրեական գործից մահվան յուրաքանչյուր դեպքով առանձին վարույթներ անջատվեն եւ քննվեն: Այսպիսով Կոստանյանը փաստում է, որ որոշել է «վերսկսել» Մարտի 1-ի քրեական գործի քննությունը: Այդ քրեական գործը, իհարկե, պաշտոնապես կասեցված չէ, բայց փաստացի գտնվում էր կասեցված վիճակում: Կոստանյանն այս քայլով փաստացի պատասխանում է ՀՀ քննչական կոմիտեի ղեկավար, նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի՝ վերջերս արած հայտնի հայտարարությանը: Հովսեփյանը սեպտեմբերին, լրագրողների այն դիտարկմանը, թե ինչու Մարտի 1-ի դեպքերը չբացահայտվեցին, պատասխանել էր. «Մարտի 1-ի գործով բացահայտումները բոլորն իրականացված են»: Եթե Կոստանյանը, Մարտի 1-ի քրեական գործի քննությունը «վերսկսելուց» բացի, նաեւ հետամուտ լինի, որ Մարտի 1-ի 10 սպանություններից գոնե մի քանիսը բացահայտվեն, ապա անխուսափելիորեն մեծ դիվիդենտներ կհավաքի: Բայց արդյո՞ք կթույլատրեն նրան այդքան խորանալ»:
