Գիտնականները հայտնել են, թե որքան ժամանակ է կորոնավիրուսի հակամարմինը պահպանվում օրգանիզմում
Կորոնավիորուսի դեմ հակամարմինը մարդու օրգանիզմում պահպանվում է առնվազն 4 ամիս։ Նման եզրակացության են եկել իսլանդացի գիտնականները, հայտնում է The New England Journal of Medicine ամսագիրը:
Հետազոտություն կատարելու համար գիտնականներն արյան ավելի քան 30 000 փորձանմուշ են վերցրել:
Նմուշները ստացվել են երեք խմբի մարդկանցից՝
- COVID-19-ով վարակված պացիենտներ,
- վիրուսի ազդեցությանը ենթարկված, բայց ոչ վարակված մարդիկ,
- մարդիկ, ովքեր չեն ենթարկվել վիրուսի ազդեցությանը:
Մասնագետներն ուշադրությունը կենտրոնացրել են 487 հոգուց բաղկացած խմբի վրա, որոնք հակամարմին հայտնաբերելու համար մեկից ավելի թեստ են անցել, ինչը թույլ է տվել պարզել՝ արդյոք հակամարմնի քանակությունը կայուն է մնում, թե քչանում է ժամանակի ընթացքում:
Պարզվել է, որ այդ խմբում հակամարմինների մակարդակն ախտորոշման պահից հետո երկու ամսվա ընթացքում ավելացել է, իսկ մյուս երկու ամսվա ընթացքում կայուն է մնացել:
Գիտնականները եկել են եզրահանգման, որ վարակվելուց հետո հակամարմիններ առաջացել են ոչ բոլոր մարդկանց մոտ:
Այնուամենայնիվ, մասնագետները դեռ չեն կարողանում պատասխանել հարցին, թե ինչպես այդ հակամարմիններն իրենց կպահեն մարդու կրկնակի վարակման դեպքում: