Գլխավոր դատախազը դիմել է արդարադատության խորհրդին. Հրապարակ
Երեկ մենք գրել էինք, որ նախօրեի երեկոյան օպերատիվ գործողություն էր կատարվում Լոռվա մարզի առաջին ատյանի դատարանում: Երեկ արդեն ԱԱԾ մամուլի կենտրոնը հաղորդեց, որ դեկտեմբերի 26-ին, գիշերը ժամը 02:30-ին, Ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում, կաշառք ստանալու պահին ձերբակալվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Խաչատուր Խաչատրյանը: Վերջինս, ըստ ԱԱԾ մամլո հաղորդագրության, իր վարույթում քննվող գործարարի վերաբերյալ քաղաքացիական գործով, նրա օգտին գործողություններ կատարելու համար, պահանջել եւ ստացել է 20 հազար ԱՄՆ դոլար: ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրօր. 311 հոդվածի 4-րդ մասի 2-րդ եւ 3-րդ կետերի հատկանիշներով (կաշառք ստանալը, որը կատարվել է դատավորի կողմից): Կատարվում է նախաքննություն: Երեկ եթերով մանրամասն ցուցադրվեց «օպերատիվ գործողությունը», թե ինչպես է կադրում չերեւացող անձը գումար տալիս դատավորին, անգամ նրանց երկխոսությունը հեռարձակվեց: Մեկուսարան տեղափոխված դատավոր Խաչատուր Խաչատրյանը կասկածյալի կարգավիճակում է: Մենք տեղեկացանք, որ նա հրաժարվել է ցուցմունք տալուց: Գործում որպես պաշտպան են ներգրավված փաստաբաններ Ռուբեն Հակոբյանն ու Կարեն Թումանյանը: Երեկ նաեւ ՀՀ գլխավոր դատախազը դիմել է Արդարադատության խորհրդին՝ դատավորին որպես մեղադրյալ ներգրավելու եւ կալանավորելու թույլտվություն ստանալու համար: Ըստ ընթացակարգի, ԱԽ-ն տալիս է իր համաձայնությունը, որից հետո միայն դատարանը կալանքի սանկցիա տալու իրավունք ունի: Ապա ԱԽ-ն միջնորդությամբ դիմում է ՀՀ նախագահին՝ դատավորի լիազորությունները դադարեցնելու կամ կասեցնելու համար:
