Գլխավոր դատախազը մեկնաբանում է Վահան Մարտիրոսյանի՝ սահմանը հատելու փաստը
«Շատերը չեն գիտակցում անկախության արժեքը , իհարկե պատմականորեն եթե նայենք, մենք միշտ ենք ունեցել դավաճաններ եւ բոլորս էլ տեղյակ ենք, թե այդ դավաճանների ճակատագիրը ինչպես է հյուսվել»,- այսօր Եռաբլուրում հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը՝ անդրադառնալով Հայաստանի սահմանը լքած ու Ադրբեջանում ապաստան խնդրած Վահան Մարտիրոսյանին։
Իսկ ինչպե՞ս նա հատեց սահմանը, երբ նրա հանդեպ քրեական գործ էր հարուցվել. հարցին դատախազը պատասխանեց. «Քրեական գործ հարուցվել ի սկզբանե, մինչեւ նրա սահման հատելը։ Երբ որ հիմքերը բավարար են եղել, նրան մեղադրանք է առաջադրվել եւ խափանման միջոց էր ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին: Այնպես չի, որ մարդուն պետք է անմիջապես ձերբակալել եւ կալանավորել: Մենք նման բազմաթիվ դեպքեր ունենք, երբ հիմքերը բավարար չեն մարդուն անազատության մեջ պահելու համար, եւ այնպես չէ, որ երբ կա հանցանք, մարդուն կարող ենք պահել անազատության մեջ՝ մտածելով, որ նա կարող է դավաճանություն անել»։