Գնա գործիդ էլի աղջիկ ջան, հորդ թայ մարդ եմ
Հունիսի 18-ին Էջմիածնում տեղի ունեցած առմկահարույց դեպքի հետ կապված, Fnews.am-ը զրուցել է օրենսդիր մարմնի տարբեր խմբակցությունների պատգամավորների հետ: Վերջիններս խիստ քննադատության են արժանացրել գեներալներ Սեյրան Սարոյանի եւ Մանվել Գիրգորյանի ազգականների օրինազանց պահվածքը, նշելով, որ անկախ պաշտոնից ու պատգամավորական մանդատից, օրենսդիր մարմնի ներկայացուցչի հարազատները, ազգականներն ու բարեկամները պետք է չգերագնահատեն սեփական ուժերը եւ իրենց օրենքից վեր չդասեն:
Հիշեցնենք, որ հունիսի 18-ին Էջմիածնում վիճաբանություն է տեղի ունեցել: Գեներալ Մանվել Գրիգորյանի եղբորորդին՝ Արայիկ Գրիգորյանը, մեքենայով վազանց է կատարել, որի պատճառով մյուս մեքենայի վարորդն ու ուղեւորը իջել եւ վիճաբանել են գեներալի եղբորորդու հետ: Վեճին միջամտել է նաեւ գեներալ Սեյրան Սարոյանի եղբորորդին: Հնչել են կրակոցներ, որի ժամանակ էլ վիրավորվել է Սեյրան Սարոյանի ազգականը:
Ու չնայած այն հանգամանքին, որ գեներալների անունները այս օրերին մամուլի էջերից որեւէ կերպ չեն իջնում, այդուհանդերձ նրանք խորհրդարան էին ժամանել. «ոչ տեսել ենք, ոչ լսել» դեմքի խիստ արտահայտությամբ: Պարզելու համար, թե արդյո՞ք պատգամավորները «Մարսից» են իջել եւ իրոք անտեղյակ են կատարվածից, fnews.am-ը փորձեց մի քանի հարց ուղղել գեներալ Մանվել Գրիգորյանին: Սակայն զրույցը կողքից ունկնդրող գեներալ Սեյրան Սարոյանը հավանաբար նեղվելով, որ «գլխավոր հերոսի» բարեկամ լինելով իրեն հարցեր չենք ուղղում, խանդի տեսարաններ սարքեց եւ անցավ հարձակման.
-Ամոթ չես անո՞ւմ, էտ ինչ ձեւ ես խոսում, հորդ թայ մարդ ա: Դրա համար չենք սիրում ժուռնալիստներին:
-Ինչո՞ւ չեք սիրում:
-Որովհետեւ դու պատգամավորներին չես սիրում, դրա համար էլ ես էլ քեզ չեմ սիրում:
-Իմ գործը գրելն է, իսկ Ձերը պիտի որ իմանաք.օրենքներ մշակելն ու օրենսդրական գործունեությամբ զբաղվելն է: Այլ ոչ թե թոզ ու դուման կապելը…
-Գնա գործիդ էլի աղջիկ ջան, հորդ թայ մարդ եմ:
-Պարոն Սարոյան, Էջմիածոնւմ տեղի ունեցած միջադեպի հետ կապված Ձեր մերձավորների անունն էլ էր ի դեպ շրջանառվում: Ի՞նչ կասեք դրա հետ կապված:
-Քո ինչ գործ… սայտերում դրել ենք, աղջիկ ջան, գնա կարդա կլսես:
-Դուք ե՞ք դրել սայտերում ինֆորմացիան:
-Հա:
-Բա ասեք մենք էլ գրենք:
-Ձեր սայտին չեմ ասի, որովհետեւ դու լավ աղջիկ չես: Դու չար ես:
Սոսե Չանդոյան
