«Գնահատողը հանդիսատեսն է».Գարիկ
Գարիկին կնոջ կերպարով հեռուստադիտողները շատ են տեսել, սակայն այս անգամ պահանջվում էր բոլորովին այլ աշխատանք։ Առաջին հերթին աչք է զարնում պրոֆեսիոնալ դիմահարդարումը, որով նույնիսկ Գարիկն իրեն դժվարությամբ է ճանաչում, սակայն ֆիլմում շատ կարևոր է և դերասանական մեծ վարպետություն է պահանջում ձայնի փոփոխությունը, որտեղ էլ ի հայտ են եկել իրական բարդությունները։
Ի դեպ, Հայկ Մարությանը կատակում էր, որ սկսել էր խանդել Գարիկի կերտած հերոսուհուն։ Ցուցադրությունից հետո կարելի է փաստել, որ ի դեմս Գարիկի կերպարի` դերասանն իսկապես լուրջ «մրցակից» ուներ։ Ֆիլմի ցուցադրությունից հետո Tert.am Life–ի հետ զրույցում Գարիկն ասաց, որ երկրորդ անգամ էր դիտում այն, այս անգամ`իր հուզմունքային դաշտն ավելի հանգիստ էր։
«Քանի որ նախադիտում ենք ունեցել, լարվածությունն անցել է, ավելի սթափ էի դիտում։ Ամեն ինչ համեմատության մեջ է հասկանալի։ Համեմատելով «Սուպեր մամա 1»–ի հետ` ես կասեմ, որ սա կես քայլ առաջ էր` հուսով, որ հանդիսատեսը կտեսնի մեկ քայլ առաջ»,– ասաց Գարիկը` զգուշանալով գնահատական տալ, քանի որ ֆիլմի իրական գնահատողը հանդիսատեսն է։
Գարիկից հետաքրքրվեցինք` արդյոք սա մեկ քայլ առաջ է համարում նաև իր կարիերայում` հաշվի առնելով, որ յուրաքանչյուր դերասանի համար կարևոր է նորովի ներկայանալ։ «Հայկն ասում է, որ աճել ենք և՛ բյուջեով, և՛ անձնակազմով։ Հուսով եմ` ես էլ, որպես ֆիլմի դերասան, ինչ–որ մի նոր բան սովորած կարողացա անել։ Որպես դերասան` ինձ համար նոր փորձություն էր, որը կարող էր չստացվել։ Եթե պարզվի, որ ստացվել է, այդ ժամանակ կդիտարկեմ, որ սա քայլ առաջ էր։ Գնահատողը հանդիսատեսն է։ Այս փորձն ինձ կյանքում պետք չէր, սա արել եմ` հուսով, որ ինչ–որ մեկին ժպիտ կպարգևեմ և ֆիլմը կհասնի իր նպատակին»,– ընդգծեց նա։
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում